ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կիսանդրու բացման արարողությունը կայացել է Սիմֆերոպոլի օդանավակայանի հրապարակում, որը կրում է նրա անունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
«Այսօր կբացենք մի հուշարձան, որը նվիրված է մի մեծագույն անձնավորության՝ Իվան Կոնստանտինովիչին (Այսվազովսկուն)․․․ Գիտեք՝ օդանավակայանի տերմինալը կառուցված է ծովի ալիքի հայեցակարգով։ Դա մեզ համար մեծ պատասխանատվություն է։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք քվեարկել են Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայան Իվան Այվազովսկու անունով կոչելու համար», - կիսանդրու բացման արարողության ժամանակ ասել է ավիահանգույցի տնօրեն Եվգենի Պլակսինը։
Ավելի քան 4 տոննա քաշով ու գրեթե 3.5 մետր բարձրությամբ քանդակային կոմպոզիցիայի հեղինակը Սալավաթ Շչերբակովն է, որի աշխատանքներից է նաև իշխան Վլադիմիրի արձանը Մոսկվայում։
Հիշեցնենք, որ Սիմֆերոպոլի օդանավակայանը Այվազովսկու անունով է կոչվել 2018-ին անցկացված մրցույթի արդյունքում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան հրամանագիրը ստորագրել է 2019 թ. մայիսի 31-ին։