ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ BBC գործակալությանը տված հարցազրույցում արված հայտարարությունները։
Նրա խոսքով` սույն հարցազրույցում Իլհամ Ալիևը հաստատում է, որ չունի որևէ արդարացում Ստեփանակերտի և Արցախի այլ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, որն անհերքելի փաստերով արձանագրվել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանությամբ մասնագիտացված կազմակերպությունների կողմից։
«Հասկանալով, որ վաղ թե ուշ կրելու է իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների պատասխանատվությունը` Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը՝ այն անվանելով «կեղծ լուրեր»»,–ասել է Նաղդալյանը:
Նշվում է, որ Իլհամ Ալիևի մարդատյաց այս հայտարարությունը, որն արվում է իր հրամանով գործող զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման ֆոնին, ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախի ժողովուրդը որևէ հանգամանքում չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո:
«Այնքան էլ հասկանալի չէ Ալիևի էմոցիոնալ արձագանքը Լավրովի ասածին»․ ՌԴ ԱԳՆ-ից պատասխանել են
Նշենք, որ BBC գործակալությանը տված հարցազրույցում, լրագրողի` Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին և քաղաքացիական բնակավայրերը դիտավորյալ թիրախավորելու բազմաթիվ միջազգային ԶԼՄ–ների ներկայացրած փաստերի մասին դիտարկմանը, Ադրբեջանի նախագահը պատասխանի փոխարեն բոլոր միջազգային ԶԼՄ–ներին անվանել էր «Fake news»։