Ադրբեջանական կողմի արդարանալու փորձերը կեղծ են և հիմնազուրկ. ԱԳՆ–ն` ուղղաթիռի դեպքի մասին

ՀՀ ԱԳՆ–ն իր ցավակցությունն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը Մի-24 ուղղաթիռի խոցման պատճառով զոհվածների ընտանիքի անդամներին և մարտական ընկերներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հայաստանի տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման դեպքին և խստորեն դատապարտել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ՌԴ ԶՈւ հանդեպ իրականացված ոտնձգությունը:

«Համոզված ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ՌԴ զինված ուժերի հանդեպ ուժի կիրառումը կստանա համարժեք արձագանք»,–ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Ուղղաթիռ խոցելն ակնհայտ ագրեսիա է Հայաստանի և Ռուսաստանի վրա. Վաղարշակ Հարությունյան

ԱԳՆ–ն իր ցավակցությունն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը Մի-24 ուղղաթիռի խոցման պատճառով զոհվածների ընտանիքի անդամներին և մարտական ընկերներին:

«Հատկանշական է, որ այդ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել ԼՂ հակամարտության գոտուց դուրս՝ մի վայրում, որտեղ այս ընթացքում չեն արձանագրվել որևէ ռազմական բախումներ: Այս տեսանկյունից, ադրբեջանական կողմի պնդումները և արդարանալու փորձերը կեղծ են և հիմնազուրկ»,–ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել։ Ուժային կառույցների մեր աղբյուրը հայտնել էր, որ ուղղաթիռը ենթադրաբար խոցվել է Նախիջևանի կողմից։

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 18։39-ին ահազանգ է ստացել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։ Տուժածին տեղափոխել են ՊՆ N զորամաս։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին։ Այրվող ուղղաթիռի կադրերն արդեն հայտնվել են համացանցում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, նշելով, որ նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայի ժամանակով 17:30-ի սահմանում, Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (Ադրբեջանի Հանրապետություն) սահմանի մոտ գտնվող Երասխ հայկական բնակավայրի մոտկայքում, օդային տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռը կրակային ազդեցության է ենթարկվել շարժական զենիթային հրթիռային համալիրից:

Ռուսական ՄԻ–24–ի խոցման պահը. տեսանյութ

Նշվում էր, որ հրթիռի հարվածի հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում գտնվող լեռնային տեղանքում:

Հայաստանում ռուսական ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամները, մեկը տարհանվել է միջին ծանրության վնասվածքներով։