Տիգրանակերտի հնագիտական ճամբարի գույքը տեղափոխվել է ապահով վայր

Նշվում է, որ այդ գույքը նյութական արժեք չունի, սակայն խորհրդանշական իմաստ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Տիգրանակերտից հաջողվել է դուրս բերել և ապահով վայր տեղափոխել հնագիտական ճամբարի գույքը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է է Արցախի` Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը։

«Շնորհիվ մեր երկու քաջ աջակիցների, որոնց առջև գլուխս եմ խոնարհում, Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր»,- գրել է գիտնականը։

Նա ընդգծել է՝ պատերազմական այս ծանր օրերին այդ գույքը լուրջ նյութական արժեք չի ներկայացնում, սակայն այն խորհրդանշական իմաստ ունի:
«Նույնիսկ վնասված` այն խորհրդանշում է Տիգրանակերտը, մեր մշակույթը: Հաղթելու ենք»,- եզրափակել է արշավախմբի ղեկավարը:

Ավերված տներ, այրված ավտոմեքենաներ. ինչ տեսարան է բացվել լուսաբացին Ստեփանակերտում

Ավելի վաղ Համլետ Պետրոսյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական հերթական հրետակոծության թիրախում Տիգրանակերտի հնագիտական ճամբարն է հայտնվել։ Նա նաև լուսանկարներ էր հրապարակել, որոնցում երևում էին գնդակոծության հետևանքով եղած ավերածությունները։ Մասնավորապես, կոտրվել էին դռներ, կահույք, ավերվել պատեր և այլն։

Գրառմանը կից Համլետ Պետրոսյանը հեշթեգեր էր օգտագործել՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով կատարվածի վրա։ Հեշթեգերից մեկը «Արցախի մշակութային ցեղասպանությունն է»։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում