Լեռնային Ղարաբաղի քաղաքների ռմբակոծումը ոչ մի միջազգային արձագանքի չի արժանացել․ Փաշինյան

ՀՀ վարչապետը վստահ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ձևաչափն է ղարաբաղյան հակամարտության խնդրին լուծում գտնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի քաղաքների շարունակաբար ռմբակոծումը ոչ մի միջազգային արձագանքի չի արժանացել։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

Ստեփանակերտը հրթիռակոծվում է «Գրադ» և «Սմերչ» կայանքներից

Վարչապետ Փաշինյանը նախ ընդգծել է, որ երբ ինչ-որ պայթյուներ են տեղի ունենում ադրբեջանական քաղաքներում, Ադրբեջանի կառավարությունն այնտեղ հավատարմագրված դեսպաններին, նաև լրագրողներին ուղեկցում է դեպքի վայր և ցույց է տալիս: Սակայն մինչ օրս ոչ մի դիվանագիտական ներկայացուցիչ Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում չի եղել:

«Ղարաբաղի քաղաքների մասին եմ խոսում, այլ գյուղերի մասին չեմ խոսում, և ոչ մի դիվանագիտական ներկայացուցիչ չի տեսել, թե ինչ է կատարվում այնտեղ: Միջազգային լրագրողները նույնպես շատ դժվարությամբ են այցելում այնտեղ, բայց այսօր այդ քաղաքները կիսավեր վիճակում են: Լեռնային Ղարաբաղի քաղաքների շարունակաբար ռմբակոծումը ոչ մի միջազգային արձագանքի չի արժանացել, ոչ մի: Որևէ մեկը նույնիսկ չի փորձել դա դադարեցնել»,-ասել է Փաշինյանը։

Ստեփանակերտում հրթիռակոծման հետևանքով զոհվածները տատ ու թոռներ են

Վարչապետը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, ունենալով լեգիտիմ, ռազմական թիրախներ որոշ բնակավայրերում կամ մերձակայքերում, հասցրել է պատասխան հարվածներ:

Լրագրողը բացատրություն է խնդրել, թե ինչո՞ւ է Բարդան կասետային ռումբերով ռմբակոծվել, որին ի պատասխան Փաշինյանը հարցրել է՝ իսկ Ստեփանակերտում չե՞ն զոհվել քաղաքացիական անձինք:

«Ես կցանկանայի Ձեզ Գյանջայի և Բարդայի մասին հարցնել»,-շարունակել է լրագրողը։

ՀՀ վարչապետը շարունակելով խոսքը շեշտել է, որ պետք է ուղղակի բացատրություն, թե ինչո՞ւ են քաղաքացիական անձինք մահանում:

Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության

«Եթե Ստեփանակերտում, Մարտակերտում և Մարտունիում քաղաքացիական անձանց վերաբերյալ բացատրությունը Ձեզ բավարարեց, ուրեմն նույն բացատրությունն է։ Որովհետև տարբերություն չկա՝ քաղաքացիական անձինք որտեղ են մահանում: Եթե բացատրությունը Ստեփանակերտի դեպքում Ձեզ բավարարում է, ուրեմն դա պետք է որպես ֆորմուլա աշխարհի ցանկացած քաղաքում քաղաքացիական անձանց մահանալու վերաբերյալ բավարարի: Եթե բացատրությունը Ստեփանակերտի դեպքում Ձեզ բավարարում է, ինձ, օրինակ, չի բավարարում»,-շեշտել է վարչապետը:

Փաշինյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում ոչ ոք չի ցանկանում, որ խաղաղ բնակչությունը տուժի:

Ստեփանակերտի արվարձաններում մի քանի պայթյուն է որոտացել

Անդրադառնալով բանակցութունների մասին հարցին՝ Փաշինյանը նշել է, որ պատերազմի պայմաններում Ադրբեջանի հետ խոսել բանակցությունների մասին նորմալ է, բայց իրատեսական չէ:

«Ըստ էության, բանակցությունների պայմանները քննարկվել են և համաձայնեցվել հոկտեմբերի 10-ի՝ Մոսկվայի հայտարարության մեջ, որը վերահաստատվել է հետագայում ևս: Մոսկվայի հայտարարությունն ընդունվեց Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ: Այնուհետև Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների նախագահների միջնորդությամբ վերահաստատվեց, և այնտեղ հստակ գրված է ծրագիրը՝ ըստ էության, համաձայնեցված: Նկատի ունեմ, եթե կան համաձայնեցված կետեր, ի՞նչ իմաստ ունի մեկը մյուսին պայմաններ առաջադրելը, որովհետև ի վերջո դա համատեղ է ընդունվել: Այսինքն, այլևս պայմաններ առաջադրելու կարիք չկա: Պայմաններն այնտեղ ձևակերպված են, և այդ պայմանները մենք համարել ենք ընդունելի»,-նշել է ՀՀ վարչապետը:

Պատերազմի «երաժշտություն», կամ Ստեփանակերտն անշարժացել է խաղաղության սպասումով

Փաշինյանը կրկին անգամ հաստատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ճիշտ ձևաչափ է հակամարտության խնդրին լուծում գտնելու համար:

«Մենք կարծում ենք, որ դա միակ ձևաչափն է, որտեղ կարող է այդ հարցը քննարկվել և որոշվել: Ինչը չի նշանակում, որ միջազգային հանրությունը չպետք է աջակցի Մինսկի խմբի համանախագահությանը: Իհարկե, միջազգային հանրությունը պետք է աջակցի, բայց քննարկումների ձևաչափը հենց դա է»,-ասել է Փաշինյանը:

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ։

Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։