ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Պաշտոնից ազատված ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը հայտնել է, որ դեռևս հոկտեմբերի 28-ին որոշում է կայացրել և իր իսկ նախաձեռնությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ իրեն աշխատանքից ազատելու խնդրանքով։ ՀՀ ԱԱԾ գնդապետն իր հրաժարականի մասին հայտարարությունը տրամադրել է ArmLur.am-ին։
«Իմ դիմումին այդ պահին ընթացք չի տրվել: Այսօր ՀՀ վարչապետը, շնորհակալություն հայտնելով ծանր ու դժվարին այս իրավիճակում մեր համատեղ կատարած աշխատանքի համար, ինձ առաջարկել է շարունակել ծառայությունս տնօրենի տեղակալի՝ իմ նախկին պաշտոնում, որին չեմ համաձայնել»,–ասել է նա։
Համբարձումյանը նշել է նաև, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու հնարավոր շահարկումները՝ մանրամասներ չի ներկայացնելու, որոնց գուցե, ըստ անհրաժեշտության, անդրադառնա ռազմական գործողությունների ավարտից հետո:
Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ և Արցախի ազգային անվտանգության ծառայության բոլոր աշխատակիցներին՝ հատկապես այս օրերին կատարած անձնվեր աշխատանքի համար։
Նշենք, որ այսօր Միքայել Համբարձումյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազատվել էր աշխատանքից։
Հիշեցնենք, որ նախագահի հրամանագրով ԱԱԾ նոր տնօրեն է նշանակվել Արմեն Աբազյանը։ Մինչ այդ Աբազյանը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը։