ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի կառավարությունից պահանջել է տեղեկություններ հայ գերիների գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս վեց զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։
«Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Կնազյանը, Սամվել Քաստակցյանը, Հովսեփ Սահակյանը, Վահե Աբրահամյանը, Գեղամ Էլբակյանը և Նորիկ Առաքելյանը: Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են կամ գերեվարվելու փաստը հաստատվել է նրանց հեռախոսներից ընտանիքի անդամներին կատարած զանգերի կամ հաղորդագրությունների միջոցով»,- նշված է Զեյնալյանի գրառման մեջ։
Նրա տեղեկացմամբ՝ հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան. դիմումատուների պահանջը նրանց կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելն է։
Արդյունքում Եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ:
Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար վերջնաժամկետ է սահմանել մինչև նոյեմբերի 13-ը։
Նշենք, որ ՄԻԵԴ-ում նշված զինծառայողների շահերը ներկայացնում են փաստաբան Սիրանուշ Սահակյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։
Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում