Որքան է թանկացել կյանքը Հայաստանում արցախյան պատերազմի մեկ ամսում

Ո՞ր ապրանքներն են թանկացել, ու ո՞ր ոլորտներում է կյանքն ավելի էժանացել․ ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է վերջին 1 ամսվա սպառողական գների փոփոխությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik.Արցախյան պատերազմըՀայաստանում գների վրա առանձնապես լուրջ ազդեցություն չի ունեցել։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են ընդամենը 0.5%–ով։

Ոչ մի գնաճ չի լինի. նախարարն ասել է` ինչպես կլրացվի թուրքական ապրանքների բացը

Ընդ որում՝ սննդամթերքը թանկացել է 0.8%–ով, ինչը վիճակագիրները հիմնականում պայմանավորում են մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, շաքարավազի, ձեթի գնաճով։

Մսամթերքի գները սեպտեմբերի համեմատ ավելացել են 0.9%–ով, կաթնամթերքի ու պանրի գները`1.1%–ով, շաքարավազինը` 11. 4%–ով, ձեթի գինը` 7.5%–ով, բանջարեղենինը` 2.2%–ով։

Ձուն վերջին 1 ամսում թանկացել է 4.1%–ով։ Ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, ծխախոտի, հացի ու ձավարեղենի, ձկնամթերքի գները չեն փոխվել, իսկ միրգը նույնիսկ էժանացել է 1.1%ով։

Ոչ պարենային ապրանքների շուկայում հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գներն աճել են 0.7%-ով։ Բնակարանի նորոգման նյութերը, վառելանյութերն ու քսանյութերը թանկացել են 0.1%–ով, խոշոր կենցաղային սարքերը` 0.2%–ով, կահույքը` 0.3%–ով, մաքրող, լվացող միջոցները` 0.7%-ով։

Էականորեն թանկացել են հագուստն (2.7%) ու կոշկեղենը (4.8%):

Ոսկերչական զարդերը, հակառակը, էժանացել են 0.9%–ով, ապակե ամանեղենը, սպասքն ու տնային կահ-կարասին էժանացել են 0.3%-ով։

Բենզինի և դիզելային վառելիքի գները ևս էականորեն չեն փոխվել. Բենզինը թանկացել է 0.5%–ով, դիզվառելիքը` 0.8%–ով։ Ընդ որում՝ դրանց գները 2019թ. հոկտեմբերի համեմատ նվազել են համապատասխանաբար 14.4 և 20.9%-ով։

Ռազմական դրությունն իր ազդեցությունն է ունեցել տնտեսության վրա. Մհեր Գրիգորյան

Ծառայությունների ոլորտում գները հիմնականում նվազել են։ Հանգստի ու մշակույթի ոլորտում գրանցվել է 2.8% անկում, ռեստորանային ու հյուրանոցային բիզնեսի գները նվազել են 0.7%-ով։ Իսկ առողջապահության, կապի, կրթության ոլորտի ծառայությունների գները մնացել են նույնը։

Արտարժույթի շուկայում ևս փոփոխություններն ակնհայտ չեն։ 2020թ.–ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 1%-ով` կազմելով 491.7 դրամ։

Հիշեցնենք` կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով արդեն գրանցված ու նաև սպասվող մակրոտնտեսական զարգացումները հաշվի առնելով՝ հոկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշում էր կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 4.25%։

ԿԲ–ն նաև ամփոփել է 2020թ.–ի առաջին երեք եռամսյակների տնտեսական արդյունքները, որոնց համաձայն՝ սեպտեմբերին Հայաստանում արձանագրվել էր 0.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2% գնաճի դիմաց։ Իսկ 12-ամսյա գնաճը 2019թ–ի սեպտեմբերի համեմատ 2020թ–ի սեպտեմբերի համեմատ կազմել է 1.4%։