Վերջ տվեք անհարկի քննարկումներին․ Արծրուն Հովհաննիսյանը՝ Շուշիի մասին

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը շեշտում է՝ ո՛չ մի կորուստ, ո՛չ մի նահանջ դեռ պարտություն չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ո՛չ մի կորուստ, ո՛չ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորցրած չէ, եթե գիտակցությունդ պայքարում է։ Վերջ տվեք անհարկի քննարկումներին»,- Facebook-ի իր էջում գրել է նա։

Արցախի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են, առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում:

Տևական ժամանակ է՝ Շուշին Ադրբեջանի թիրախում է։ Արծրուն Հովհաննիսյանը նոյեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ ադրբեջանցիները հիմա ամեն կերպ ուզում են Շուշիում իրենց դրոշը տեղադրել, քանի որ նոյեմբերի 9-ին Ադրբեջանում դրոշի օր է։

Ստեփանակերտը հրթիռակոծվում է «Գրադ» և «Սմերչ» կայանքներից

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում