ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է Կրեմլի լրատվական ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում։
Նշվում է, որ երկու երկրների ղեկավարներն անհանգստություն են հայտնել Ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող լայնածավալ ռազմական գործողությունների ու Սիրիայից և Լիբիայից տարածաշրջան ներթափանցող ծայրահեղականների աճող ակտիվության պատճառով։
Նախագահները վճռականություն են հայտնել պայքարելու ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ։
Պուտինը մանրամասն տեղեկություններ է հայտնել Մակրոնին՝ կրակի շուտափույթ դադարեցման և բանակցությունների վերսկսման ուղղությամբ Ռուսատանի քայլերի վերաբերյալ, որոնք միտված են քաղաքական-դիվանագիտական լուծումներ գտնելուն։
Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
Վերահաստատվել է կողմերի ցանկությունը՝ շարունակել Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջնորդական ջանքերի համակարգումը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։