ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Ճանաչված հայ երգիչներ Իվետա Մուկուչյանը, Գոռ Սուջյանը, Սևակ Ամրոյանը, Սևակ Խանաղյանը, Սրբուհի Սարգսյանը, Սոնա Ռուբենյանը, ինչպես նաև Արթուր Խաչենցը նոր տեսահոլովակ են նկարահանել՝ նվիրված Արցախում ընթացող պատերազմին։
Երգի հեղինակն Էդմոնդ Մակարյանն է, գործիքավորումը կատարել է Դեր Հովան։ Ընդհանուր մտահղացման հեղինակը «Unity Production»-ն է, իսկ տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում «Unity Production»-ի հիմնադիր, պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը նշեց, որ Արթուր Խաչենցն այս օրերին առաջնագծում է և մի քանի օրով է թիկունք եկել տեսահոլովակում նկարահանվելու նպատակով:
«Նա մասնակցեց երգի ձայնագրմանը, տեսահոլովակի նկարահանումներին ու հետո վերադարձավ առաջնագիծ: Նշեմ նաև, որ զինվորի դերում հենց Արթուր Խաչենցն է»,-ասաց Ալեքսանդր Մհերյանը:
Երգի ձայնագրմանն ու տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել են նաև թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, կիթառահար Արմեն Շահվերդյանը:
Հատկանշական է, որ երգը և տեսահոլովակը ստեղծվել է ոչ միայն քաջալերելու, այլև հոլովակի դիտումներից գոյացած ողջ հասույթը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղելու նպատակով:
«Հանդիսատեսին խնդրում ենք, որ հենց Յութուբի ալիքում դիտեն տեսահոլովակը, քանի որ դիտումներից ստացված ողջ հասույթը մենք պատրաստվում ենք փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,-ասաց Մհերյանը:
Նա հայ հանդիսատեսին հորդորեց սոցցանցերում ակտիվ տարածել տեսահոլովակը, որպեսզի դիտումները շատ լինեն, ինչի շնորհիվ էլ կմեծանա հիմնադրամին փոխանցվող գումարը։