ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ և ԱՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը շարունակում է ծառայությունը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը
«Ես լավ եմ զգում, շարունակում եմ իմ ծառայությունը: Մեր բոլորի մարտական տրամադրությունը շատ բարձր է, մենք բոլորս վճռականությամբ ենք լցված մեր հայրենիքի պաշտպանության համար»,- ասել է Օհանյանը։
Այսօր առավոտյան Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն արդեն հերքել էր Օհանյանի վիրավորվելու մասին լուրը, որը տարածել էր Ադրբեջանը։ Նա շեշտել էր՝ թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել։
Հիշեցնենք` պատերազմի առաջին իսկ օրերից Սեյրան Օհանյանը մեկնել էր Արցախ, որտեղ այս օրերին ակտիվորեն մասնակցում է Շուշիի ինքնապաշտպանության կազմակերպման մարտավարության մշակմանը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 5-ին հատուկ շնորհակալություն էր հայտնել նրան։
Արցախյան պատերազմին է մասնակցում նաև Սեյրան Օհանյանի որդին՝ Արթուր Օհանյանը։ Նա հոկտեմբերի 9-ին ռազմական գործողությունների ժամանակ վիրավորվել էր ու տեղափոխվել հիվանդանոց։