Արդեն երրորդ օրն է՝ ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի. Արծրուն Հովհաննիսյան

Մարտեր են ընթանում մասնավորապես Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Ռազմաճակատի տարբեր հատվածներում ընթանում են մարտեր, որոնք չեն դադարում գիշեր ու ցերեկ, մասնավորապես Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում, ճանապարհների ուղղությամբ, որտեղ թշնամուն հաջողվել է մոտենալ։

Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն․ Արծրուն Հովհաննիսյան

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ այս պահին մեր զորքերը համառորեն դիմադրում են՝ թևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են եւ շարունակական։

«Արդեն երրորդ օրն է՝ ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի, որպեսզի Շուշին մնա կանգուն։ Ծանր մարտեր են ընթանում նաև Շուշիի հարակից տարածքներում` Լիսագորում, Քարին տակում։

Մեր բոլորիս պարտքն է՝ հավատալ հայ զինվորականին, վստահել, եւ այս պահին տեղին չեն որևէ այլ դիտարկումները, խուճապային տրամադրությունները, տարհանման մասին մտքերն ու խոսակցությունները նահանջի մասին․․․ Ոչի՛նչ, մենք դիմադրում ենք հերոսաբար, զորքը պիտի պահի իր մարտունակությունը, որպեսզի իր դիմադրությամբ անգամ հաջորդիվ հաղթանակները կարողանա կռել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Բերձորի ուղղությամբ հայկական ուժերը կարևոր բարձունք են գրավել. թշնամին կորուստներ ունի

Նա շեշտեց, որ քանի դեռ վերջին զինվորն այս կամ այն տեղամասում կռիվ է տալիս, չի կարող ասել, որ դա նահանջ է եղել կամ կորուստ։

«Ձեզնից շատերը պնդում էին օրեր շարունակ, որ մենք կորցրել ենք այս կամ այն տարածքը, Հադրութը, իսկ ես ասում եմ, որ Հադրութի մերձակայքում հայկական ստորաբաժանումները կռիվ են տալիս, ես չեմ կարող ասել, որ մենք կորցրել ենք այս կամ այն, քանի դեռ մարդիկ մեր վստահությունն են ուզում, որպեսզի շարունակեն պայքարը»,-նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։