«Որ հայերին աշխարհի երեսից չջնջեն»․ զրույց հիմնադրամին 1 մլն նվիրած 102–ամյա հայուհու հետ

Քնարիկ Մարկոսյանի ծնողներն ու ավագ եղբայրը մազապուրծ են եղել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից։ Սկզբում նրանք Ռուսաստան են փախել, իսկ հետո ԱՄՆ տեղափոխվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Քնարիկ Մարկոսյանը, որն ամերիկյան Ֆրեզնո քաղաքի 102-ամյա բնակչուհի է, մեկ միլիոն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ CBS մեդիահոլդինգին պատկանող KGPE տեղական հեռուստաալիքը տարեց կնոջ նվիրաբերության մասին ռեպորտաժ է պատրաստել։

Էդուարդո Էռնեկյանը «Հայաստան» հիմնադրամին 3,5 մլն դոլար է նվիրաբերել

Ամերիկյան լրագրողները ներկայացնում են, որ Ֆրեզնոյում ապրող տասնյակ հազար մարդիկ հետաքրքրվում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող պատերազմով ու փորձում են օգնել։ Հայուհիներից մեկն աչքի է ընկել հայրենիքին ցուցաբերած իր օգնությամբ։

Քնարիկ տատը դիմավորել է լրագրողներին հաշմանդամի սայլակում, սև գլխաշորով։ Նա ցույց է տվել KGPE-ի նկարահանող խմբին իր ընտանիքի սևուսպիտակ լուսանկարներն ու պատմել, որ իր ծնողներն ու ավագ եղբայրը մազապուրծ են եղել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից։ Սկզբում ընտանիքը պատմական հայրենիքից Ռուսաստան է փախել։ Քնարիկը մոտ 1918 թվականին է ծնվել, ավելի ուշ՝ 40-ականներին, ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ՝ Ֆրեզնո քաղաք։

Բարերար Ջորջ Բաղումյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին

«Հայրս նախկին երկրից (Մարկոսյանի ուղիղ մեջբերում է, – խմբ․) ուներ բազում ընկերներ, որոնք Ֆրեզնո էին տեղափոխվել ու գոհ էին այստեղի կյանքից, այդ պատճառով էլ տեղափոխվեցինք», - ասել է կինը։

Այսօր Մակրոսյանը միայնակ է ապրում։ Հարազատներից ոչ ոք ողջ չէ։ Նա այսպես է բացատրել հիմնադրամին արած նվիրաբերությունը.

«Չեմ ուզում, որ հայերը ջնջվեն աշխարհի երեսից։ Ամեն ինչ գնում է նրան, որ թուրքերը պատրաստվում են սպանել բոլորիս։ Ամերիկան չի օգնում Հայաստանին, դա շատ շատ վատ է»։

Նշենք՝ «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ-ի ղեկավար Մարիա Մեհրանյանն անձամբ շնորհակալություն է հայտնել տատին ու նամակ ուղղել նրան՝ խոստանալով, որ գումարն ուղղելու է Հայաստանի ու Արցախի կարիքներին։

Նոյեմբերի 5-ի դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը մոտ 165 միլիոն դոլար է ստացել։ Իրենց շռայլ նվիրաբերություններով աչքի են ընկել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը (3,5 միլիոն դոլար), «Հայ գործարարների միության նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը (3 միլիոն), Manoogian Simone Foundation հիմնարդամի նախագահ Քրիստին Սիմոնը (3 միլիոն), «Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի» հոգաբարձու Էդիլ Հովնանյանը (3 մլն դոլար), «Ավրորա» մարդասիրական հիմնադրամը (1 մլն դոլար), ամերիկահայ մեգաաստղ Քիմ Քարդաշյանը (1 մլն դոլար), Սան Պաուլոյում Հայաստանին հյուպատոս Հիլդա Տիրուհի Բուրումյանն ու Հայկական ավետարանչական եկեղեցին մեկական միլիոն դոլար են փոխանցել։ Նրանց միացավ նաև Ֆրեզնոյից Քնարիկ Մարտիրոսյան տատը։

Սամվել Կարապետյանը խոստանում է վերակառուցել Ստեփանակերտի ծննդատունը