Թուրքական հեռուստաալիքն աշխատանքից հեռացրել է Ադրբեջանի հարձակման մասին ենթագրի հեղինակին

Նախքան հեռացումը Մեհմեդ Քարաջան ներողություն էր խնդրել Twitter-ի իր էջում` գրելով, որ Ադրբեջանի մասին սխալ ենթագիր է հեռարձակել։ Բայց ներողությունները նրան չեն փրկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի TRT պետական հեռուստառադիոընկերությունն աշխատանքից ազատել է նորությունների խմբագիր Մեհմետ Քարաջային՝ «Ադրբեջանը ռմբակոծում է խաղաղ բնակչությանը» սկանդալային ենթագրի համար։ Տեղեկությունը հայտնում է թուրքական  Ulusal Turk լրատվական կայքը։

Այս շաբաթ հեռուսաալիքի թղթակից Բուլենթ Ղուլչուօղլուն ուղիղ եթեր էր հեռարձակում Ադրբեջանից և ցույց էր տալիս ռմբակոծված ադրբեջանական գյուղերը։ Ռեպորտաժում, մասնավորապես, թուրք լրագրողն ասում էր, որ «Հայաստանն արգելված զինատեսակներով ռմբակոծում է խաղաղ բնակչությանը»։ Բայց ամբողջ ռեպորտաժի ընթացքում էկրանին մնացել է «Ադրբեջանը ռմբակոծում է խաղաղ բնակչությանը» ենթագիրը։ Ակնհայտ է, որ հենց ենթագրում սխալի համար էլ ստիպված է եղել վճարել նորությունների խմբագիր Մեհմետ Քարաջան։

Ռեպորտաժի հրապարակումից քիչ անց ենթագրի շուրջ սկանդալ սկսվեց։ Սոցցանցերում հայկական խմբերը սկսեցին գրառումներ տարածել` նշելով, թե «Թուրքիան վերջապես ճշմարտությունն է ասել», իսկ Ադրբեջանում և Թուրքիայում նման ենթագիրն անվանեցին «խայտառակություն»։

Beringer aero ընկերությունը դադարեցրել է թուրքական ԱԹՍ արտադրողներին մատակարարումները

Գտնվեցին նաև թուրքեր, որոնք հիշեցրին, որ առաջին անգամը չէ, որ TRT-ն շփոթում է ենթագրերը․օրինակ՝ այս տարվա մայիսի 19-ին ռեպորտաժ էր եթեր գնացել «Մայիսի 19՝ Հանրապետության օրը» ենթագրով, մինչդեռ այդ օրը Թուրքիայում նշվում է որպես Աթաթուրքի հիշատակի օր, իսկ Հանրապետության օրը նշվում է հոկտեմբերի 29-ին։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ԶԼՄ-ների համար մեկնաբանություն էր տվել, որում TRT-ի ենթագիրն անվանում էր «հայկական սադրանք»։

Մեհմետ Քարաջան ստիպված է եղել ներողություն խնդրել սկանդալային ենթագրի համար, նա գրառում էր կատարել Twitter-ում, որն ավելի ուշ դարձրել էր «պաշտպանված» և փակել։ Բայց նախկին խմբագրի գրառման էկրանի լուսանկարը պահպանվել է Independent Turkce թերթի նյութում։

Սակայն խմբագրի ներողությունից հետո էլ սկանդալային ենթագիրը շարունակել է քննարկվել ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ներում և սոցցանցերում, և TRT-ն որոշում է կայացրել աշխատանքից ազատել մեղավոր աշխատակցին։

Սա անմիջապես արձագանքի է արժանացել ծայրահեղական աջ թուրքերի շրջանում, որոնք ողջունել են այդ որոշումը։

Twitter-ում Մեհմետ Քարաջիի հաշիվը շարունակում է փակ մնալ․նա արդեն կենսագրությունից ջնջել է «TRT-ի նորությունների խմբագիր» տողը։