ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանցի 27 հայ բժիշկներ եկել են աշխատելու Հայաստանի և Արցախի հիվանդանոցներում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Մեր վերջին տեղեկություններով Ռուսաստանից 27 բժիշկ է եկել, նրանք աշխատում են տարբեր հիվանդանոցներում։ Հստակ չեմ կարող ասել՝ որտեղ, քանի որ լինում է, որ տեղափոխվում են», - ասաց Նիկողոսյանը։
Նա նշեց, որ ռուսաստանաբնակ հայ բժիշկները Հայաստան և Արցախ են ժամանել կամ ՀՀ առողջապահության, կամ պաշտպանության նախարարությունների, կամ էլ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ կապվելու միջոցով։
«Եթե կան նրանց միանալ ցանկացողներ և ուզում են առողջապահության նախարարության միջոցով գալ, պետք է info@moh.am հասցեին ուղարկեն իրենց տվյալները, գրեն՝ ինչի մասնագետ են։ Եթե մենք նման մասնագետի կարիք ունենանք, կպայմանավորվենք, թե նա ինչպես գա և որ հիվանդանոցում աշխատի», - ասաց Նիկողոսյանը։
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուկանյանը Facebook-ում հրապարակել է 27 բժիշկներից 7-ի լուսանկարը և գրել։
«Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների առաջատար կլինիկաների հայ բժիշկներն արձակուրդ են վերցրել և մեկնել Հայաստան և Արցախ՝ օգնելու Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության ռազմական հանցավոր ագրեսիայից տուժած վիրավորներին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ կիրառվում է հրետանի, հրթիռների, անօդաչու թռչող սարքեր, արգելված կլաստերային և ֆոսֆորական ռումբեր»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Հայաստան էին ժամանել բժիշկներ Ֆրանսիայից։