Արտավազդ Փելեշյանը 15.000 եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» հիմնադրամին

«Կարտիե» հիմնադրամը ժամանակավորապես դադարեցրել է «Բնություն» ցուցահանդեսի նախագիծը. պատճառը կորոնավիրուսն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը «Բնություն» ֆիլմի 15.000 եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի. տեղեկանում ենք kinoashkharh.am կայքից։

«Որ հայերին աշխարհի երեսից չջնջեն»․ զրույց հիմնադրամին 1 մլն նվիրած 102–ամյա հայուհու հետ

««Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության հետ համատեղ»։ Այն պետք է ցուցադրվեր նաև Գերմանիայում, Մոսկվայում, Միլանում»,–նշված է կայքում։

Փարիզի «Կարտիե» ժամանակակից արվեստի կենտրոնում դեռևս հոկտեմբերի 23-ին բացված Արտավազդ Փելեշյանի կինոարվեստին նվիրված «Բնություն» ցուցահանդեսը, սակայն, հետաձգվել է։ Ֆրանսիայի կառավարության որոշմամբ՝ համավարկի երկրորդ ալիքով պայմանավորված, երկրում մինչև դեկտեմբերի 1-ը փակվել են թանգարանները, մշակութային կենտրոններն ու առհասարակ բոլոր ժամանցի վայրերը։ Այդ պատճառով «Կարտիե» հիմնադրամը ևս ժամանակավորապես դադարեցրել է «Բնություն» ցուցահանդեսի նախագիծը։

Ի դեպ, Արտավազդ Փելեշյանի և «Կարտիե» հիմնադրամի համագործակցությունը 20 տարվա պատմություն ունի. միջազգային ցուցահանդեսի շրջանակում 2017 թվականին վարպետի «Բնիկներ» ֆիլմը ցուցադրվել է Բուենոս-Այրեսում, իսկ 2018-ին՝ Շանհայում:

Առաջարկվում է 1000-ի փոխարեն 3000 դրամ վճարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Հավելենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված գումարն այս պահին գերազանցել է 164 մլն դոլարը։