ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մեկնել է Մոսկվա։ Խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված գործուղման կարգադրությունից տեղեկանում ենք, որ այցն աշխատանքային է ու տևելու է նոյեմբերի 5-11-ը։
ԱԺ փոխնախագահի հետ Մոսկվա է գործուղվել նաև Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Թե ինչ նպատակ է հետապնդում Սիմոնյանի այցը ԱԺ–ից Sputnik Արմենիային հրաժարվեցին հայտնել։
Մեր տեղեկություններով, սակայն, ՌԴ–ում Ալեն Սիմոնյանը տարբեր մակարդակների մի քանի հանդիպումներ է ունենալու։
Հիշեցնենք` նոյեմբերի 3-ին Ալեն Սիմոնյանն ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ հայկական կողմը լիովին բավարարված է ՌԴ–ի հետ դաշնակցային հարաբերությունների ներկա մակարդակով և շնորհակալություն էր հայտնել ՌԴ–ին ու անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Աժ փոխխոսնակը հայտարարել էր, որ դաշնակից երկրի հետ հարաբերություններում ամեն ինչ չէ, որ միանգամից տեսանելի է, բայց և ամեն ինչ չէ, որ սահմանափակվում է ֆորմալ հայտարարություններով։
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 5-ին ԱԺ–ում հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Պուտինին ուղղված նամակից հետո ռուսական կողմի հետ խորհրդակցությունները մեկնարկել են, բայց հույժ գաղտնիության պայմաններում. թե երկու կողմերից ովքեր են դրանց մասնակցում, ինչ ինտենսիվությամբ ու ինչ հարցերի շուրջ՝ չի հայտարարվում։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի վերաբերյալ հաղորդագրության մասնավորապես նշված էր.
«Հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, Փաշինյանը դիմել է Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»,– նշված էր հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի նամակին, հայտարարել էր, որ համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք։