ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ ղեկավորում փաստացի չկա, կա Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարում։ Այս հայտարարությունն արեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարության մասին հարցին, որտեղ նա նշել էր, որ Թուրքիայի հետախուզությունն Ադրբեջանի օգտին է աշխատում։
«Ադրբեջանի օգտին է աշխատում ոչ թե Թուրքիայի ԶՈւ կամ անվտանգության համակարգի այս կամ այն սեգմենտը, այլ ամբողջ Թուրքիան՝ իր հետախուզությամբ, տեխնիակական աջացությամբ, ղեկավարմամբ»,–ասաց նա։
Նշենք, որ այսօր «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ գլխավոր տնօրենին տված հարցազրույցում ՌԴ Արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ասել էր, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը տարբեր աղբյուրներից տվյալներ է ստացել այն մասին, որ Ղարաբաղյան հակամարտությանը գրոհային ահաբեկիչներ են մասնակցում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից, նախևառաջ` Սիրիիայից։
Արծրուն Հովհաննիսյանը նաև նշել էր, որ անցնող օրերը հայոց պատմության մեջ կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր։
Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:
ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։
Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը
Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։
Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը
Նշենք, որ հայկական կողմին արդեն հաջողվել է գերեվարել 2 սիրիացի վարձկան–ահաբեկչի։ Նրանցից առաջինին` Մեհրեդ Մուհամմադ Ալշխերին, բռնել են հոկտեմբերի 30–ին, իսկ երկրորդին` Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիին, հայ զինծառայողները գերեվարել են նոյեմբերի 1–ին։ Նրանք արդեն ցուցմունք են տվել և պատմել իրենց հավաքագրելու պայմանների մասին։