Մհեր Գրիգորյանը ԱՊՀ վարչապետներին տեղեկացրել է Բաքվի ռազմական հանցագործությունների մասին

Ադրբեջանական կողմում կռվողները կիրառում են ահաբեկչական խմբավորումների այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են գերիների կտտանքները, գնդակահարություններն ու գլխատելը, դիերի պղծելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական հանցագործություններ է գործում։ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Իրանն ահաբեկիչների հետ կռվում էր Մերձավոր Արևելքում, իսկ հիմա մոտեցել են իր սահմաններին

«Այս պահին շարունակվում է ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հանդեպ, ընդ որում՝ ագրեսիան իրականացվում է անմիջապես Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ ու Սիրիայից և Լիբիայից ահաբեկիչների ներգրավմամբ։ Ադրբեջանական կողմում կռվողները կիրառում են ահաբեկչական խմբավորումների այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են գերիների կտտանքները, գնդակահարություններն ու գլխատելը, դիերի պղծելը։ Ադրբեջանի ղեկավարության խղճին մի շարք ռազմական հանցագործություններ կան», - ասել է նա։

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

Նշենք, որ հայկական կողմին արդեն հաջողվել է գերեվարել 2 սիրիացի վարձկան–ահաբեկչի։ Նրանցից առաջինին` Մեհրեդ Մուհամմադ Ալշխերին, բռնել են հոկտեմբերի 30–ին, իսկ երկրորդին` Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիին, հայ զինծառայողները գերեվարել են նոյեմբերի 1–ին։ Նրանք արդեն ցուցմունք են տվել և պատմել իրենց հավաքագրելու պայմանների մասին։