System Of A Down-ը նոր երգեր է թողարկել․ ամբողջ շահույթն ուղղվելու է Արցախին օգնելուն

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն աշխարհին կոչ է արել չփակել աչքերն Արցախում տեղի ունեցողի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. System Of A Down ամերիկյան ռոք խումբը 15 տարվա ընթացքում առաջին անգամ նոր երգեր է թողարկել (Protect The Land , Genocidal Humanoidz), որոնցից ստացված հասույթն ուղղվելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Տիգրան Համասյանը, Սերժ Թանկյանը, Արա Մալիկյանը և այլոք. ի աջակցություն Արցախի համերգ կլինի

Խմբի մենակատար Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ այդ երգերը նվիրված են Հայաստանի ու Արցախի դեմ մղվող սարսափելի պատերազմին։

Երաժիշտը նշել է, որ ժամանակն է պատմել աշխարհին այդ մասին։ Թանկյանը մեղադրել է Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններին Ղարաբաղն ու Հայաստանը գրավելու փորձի, նաև մարդկության ու շրջակա միջավայրի դեմ անպատժելի կերպով հանցագործություններ գործելու մեջ։

«Նրանք հույսը դրել են այն բանի վրա, որ աշխարհը հիմա չափազանց զբաղված է COVID-ի հետ կապված իրավիճակով, ԱՄՆ-ում ընտրություններով ու քաղաքացիական անհնազանդությամբ՝ իրենց արարքներին գնահատական տալու համար»,- կարծում է Թանկյանը։

Նրա խոսքով՝ այդ երկրների իշխանությունը խոշոր PR-ընկերություններ է վարձել Ղարաբաղի իրադարձությունների մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար։ Աշխարհահռչակ երաժիշտն ասել է, որ հիմա այդ ամենի վրա աչք փակելու ժամանակը չէ։

Զինաթափեք Ադրբեջանին․ Թանկյանը ԱՄՆ իշխանություններին կոչ է անում պատժել Թուրքիային

Դրա համար էլ  SOAD-ը որոշել է մի կողմ դնել բոլոր գործերն ու աջակցել հայ ժողովրդին այս բարդ ժամանակներում։ Թանկյանը կոչ է արել բոլորին ներբեռնել Protect The Land ու Genocidal Humanoidz երգերը իրենց Bandcamp – systemofadown.bandcamp.com պաշտոնական էջից։ Ստացված եկամուտն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամ՝ Արցախին օգնություն ցուցաբերելու համար։