Հայտնի է՝ ով կղեկավարի Հանրային հեռուստաընկերությունը

Գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը դիմել էր հանձնաժողովին՝ խնդրելով հանել իր թեկնածությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի մրցույթում հաղթող է ճանաչվել Հովհաննես Մանուկյանը։ Տեղեկությունը հայտնում է Հանրային հեռարձակողների խորհրդի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նոյեմբերի 6-ին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովը որոշել է վերսկսել ընտրության մրցույթը։ Այն անցկացվել է հեռավար և առանց հարցազրույցների։

Մրցույթին մասնակցելու համար դիմել էին 13 թեկնածու։ Հանձնաժողովի տեղեկացմամբ՝ ավելի ուշ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել մրցութային հանձնաժողովին՝ իր թեկնածությունը հանելու նպատակով։ Նշենք, որ Արմեն Սարգսյանը հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամականավոր պաշտոնակատարն էր։

«Բաց քվեարկության արդյունքում հանձնաժողովը որոշում է ընդունել 12 թեկնածուներից Հովհաննես Մովսիսյանին մրցույթում հաղթող ճանաչելու մասին։ Հաջորդ շաբաթ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում կկայացնի՝ մրցույթում հաղթող ճանաչված Հովհաննես Մովսիսյանին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն նշանակելու վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ մամուլում վաղուց էին լուրեր շրջանառվում, որ հեռուստաընկերության տնօրենի պաշտոնի ամենահավանական թեկնածուն ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Հովհաննես Մովսիսյանն է։

Հիշեցնենք՝ ապրիլի 20-ին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու հայտարարություն էր տարածել։ Մինչ այդ ուշագրավ դեպք էր պատահել. վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ին կորոնավիրուսի թեմայով հղած ուղերձից առաջ կատարված նախապատրաստական աշխատանքների կադրերը (վարչապետը հազում էր և ջուր խմում) հայտնվել էին համացանցում: Վարչապետի ելույթի հեռարձակումն ապահովում էր Հանրային հեռուստաընկերությունը։

Դեպքից հետո, իրենց դիմումների համաձայն, զբաղեցրած պաշտոններից ազատվեցին նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։