ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Վիեննայում ահաբեկչական հարձակումից հետո 14 մարդ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը, փոխանցում է DW-ն։
18-28 տարեկան բոլոր ձերբակալվածները միգրանտներ են, նրանցից ոմանք Ավստրիայի քաղաքացիներ չեն։ Նրանց նկատմամբ հետաքննություն է սկսվել ահաբեկչական կազմակերպության հետ առնչություն ունենալու համար։ Վիեննայի ոստիկանության ղեկավար Գերհարդ Պյուրստլը հավելել է, որ ձերբակալվածների թվում կան երկքաղաքացիություն ունեցող անձինք, այդ թվում ՝ Ռուսաստանի Դաշնությունից, Թուրքիայից, Բանգլադեշից և Հյուսիսային Մակեդոնիայից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1–ին Վիեննայի կենտրոնում ահաբեկչական հարձակումներ են իրականացվել, հարձակման է ենթարկվել նաև հրեական սինագոգը։ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ կատարվածը ահաբեկչություն է։
Վիեննայի ահաբեկչության զոհ է դարձել 4 մարդ, ևս 23 - ը վիրավորվել են, նրանցից մի քանիսը՝ ծանր վիճակում են։
«Հիմա էլ` Վիեննայում». Մնացականյանն անդրադարձել է Ավստրիայի ահաբեկչությանը
Ահաբեկչությունը կատարել է Հյուսիսային Մակեդոնիայից 20-ամյա մի բնակիչ, որն ունեցել է ավստրիական և մակեդոնական անձնագրեր: Նախկինում նա փորձել էր Սիրիա մեկնել «Իսլամական պետությանը» միանալու նպատակով, բայց ձերբակալվել էր։ Ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում նա սպանվել է։