ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերել են սննդամթերք՝ նախատեսված Ադրբեջանի համար:
«Ռուսաստանի Դաշնության Տուլչինկա ՍՊԸ-ի կողմից արտադրված 82,5 տոկոսանոց բուսայուղային սփրեդի խմբաքանակը նախատեսված է եղել հարևան երկիր ներմուծելու համար՝ ինչը վկայում է մակնշումը արտադրող կազմակերպության պիտակի վրա: Հայտնաբերված սփրեդի մի մասի վրա հայերեն մակնշում ընդհանրապես չի եղել, իսկ մի քանիսի վրա եղած հայերեն մակնշումից պարզ է դարձել, որ տվյալ խմբաքանակը Հայաստան է ներմուծվել «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ի կողմից»,–ասված է ՍԱՏՄ տարածած հայտարարության մեջ:
Հայտնաբերված սփրեդի ողջ խմբաքանակի իրացումը կասեցվել է:
Գերատեսչությունից քաղաքացիներին խնդրում են լինել ուշադիր և, որևէ իրացման կետում նշված ապրանքատեսակը նկատելու պարագայում, զանգահարել տեսչական մարմնի թեժ գծին 010 206040 կամ 012 906090 հեռախոսահամարներով:
ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի պետը և ևս 20 անձ կկանգնեն դատարանի առաջ
ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական միջոցառումներ կանցկացնեն նաև «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ում՝ պարզելու համար, թե ինչ պայմաններում է այլ երկիր ներմուծելու համար նախատեսված սննդամթերքը հայտնվել Հայաստանի Հանրապետությունում: