Ռուսաստանի ու Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտությանը

Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ արտգործնախարարների մոսկովյան հանդիպումը տևել էր գրեթե 11 ժամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Հայկո Մաասը հեռախոսազրույցի ժամանակ ի թիվ այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարության լրատվական ծառայությունը։

Մոսկվան և Անկարան սերտ գործընկերներ են, սակայն ԼՂ–ի դեպքում իրավիճակն այլ է. Լավրով

Զրուցակիցները հաստատել են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի մոսկովյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների հրատապ իրականացման անհրաժեշտությունը։

Լավրովն ու Մաասն անդրադարձել են նաև Դոնբասին ու Գերմանիայում գտնվող Ա. Նավալնուն վերաբերող հարցերին։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ էր պարունակում։

Ինչպես կարող է Գերմանիան օգնել Հայաստանին և ինչպես` խանգարել Բաքվին և Անկարային

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

Խոսքը ՀԱՊԿ-ի մասին չէ. Հայաստանն աջակցության համար Ռուսաստանին է դիմել․ Տողանյան