ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս հետաձգել արտասահմանյան ուղևորությունները, քանի դեռ կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը չի կայունացել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով ՝ համաճարակաբանական իրավիճակն աշխարհում շարունակում է սրընթաց վատանալ։
«Առողջապահության ոլորտի առաջատար փորձագետները դեռ գարնանը մտահոգություն էին հայտնել COVID-19-ի երկրորդ, ավելի հզոր ալիքի առնչությամբ, որը, ըստ նրանց, սպասվում էր աշնանը: Վերջին երկու ամսվա տվյալները, ցավոք, ցույց են տալիս, որ իրականանում են ամենավատ կանխատեսումները», – ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնը Եվրոպան է։
Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 27-ից դադարեցրել էր այլ երկրների հետ ավիահաղորդակցությունը: Օգոստոսից թռիչքներն աստիճանաբար վերսկսվեցին։ Այժմ թույլատրվում է թռչել Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Տանզանիա, Շվեյցարիա, Եգիպտոս, ԱՄԷ, Բելառուս, Ղրղզստան, Ղազախստան, Սերբիա, Հարավային Կորեա, Ճապոնիա, Կուբա և Մալդիվներ:
«Զվարթնոցում» և մյուս անցակետերում կորոնավիրուսի հետ կապված նոր գործառույթ է իրականացվում
Ռուսաստանում արդեն երկրորդ օրն է՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 19 հազարը։ Վերջին տվյալներով՝ համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 1,71 մլն մարդ։ 29,5 հազարը մահացել են, 1,27 միլիոնը՝ բուժվել։
Սա զուտ հայաստանյան երևույթ չէ. կորոնավիրուսի երկրորդ ալիքն ահագնանում է ողջ աշխարհում