Իրանն ահաբեկիչների հետ կռվում էր Մերձավոր Արևելքում, իսկ հիմա մոտեցել են իր սահմաններին

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի դիտարկմամբ, տարածաշրջանը ահաբեկիչներով լցնելու թուրք–ադրբեջանական գործողությունները մտահոգել են տարածաշրջանային բոլոր երկրներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակն անհանգստացնում է Իրանին։ Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Եթե ահաբեկիչները մոտենան Իրանի սահմաններին, մենք վճռական միջոցներ կձեռնարկենք․ Խամենեի

Իրանը ոչ միայն իր անհանգստությունը բացահայտ արտահայտում է, այլև կոնկրետ անվտանգության միջոցներ է ձեռնարկում, հավելեց նա։

«Իրենք այդ ահաբեկիչների հետ կռվում էին Մերձավոր Արևելքում։ Հիմա նրանք հայտնվել են իրենց սահմանների մոտ»,– ասաց Քոչարյանը։

Նրա խոքով, վտանգն ակնհայտորեն զգում է նաև Ռուսաստանը, որովհետև վտանգն արդեն մոտեցել է Հյուսիսային Կովկասին, ամբողջ ԱՊՀ տարածքին ու անգամ Կենտրոնական Ասիային։

«Այնպես որ ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որը մտահոգում է բոլոր պետություններին, որոնց հետ մենք ունենք այս կամ այն աստիճանի խորացված հարաբերություններ»,– ասաց փոխնախարարը։

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

Նշենք, որ հայկական կողմին արդեն հաջողվել է գերեվարել 2 սիրիացի վարձկան–ահաբեկչի։ Նրանցից առաջինին` Մեհրեդ Մուհամմադ Ալշխերին, բռնել են հոկտեմբերի 30–ին, իսկ երկրորդին` Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիին, հայ զինծառայողները գերեվարել են նոյեմբերի 1–ին։ Նրանք արդեն ցուցմունք են տվել և պատմել իրենց հավաքագրելու պայմանների մասին։