ՀՀ-ում քրգործ է հարուցվել Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարի դեմ

Նուրլան Իբրահիմովը հայատյաց գրառում էր արել` հանդես գալով ցեղասպանության հրապարակային հրահրմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի՝ բոլոր հայերին սպանելու վերաբերյալ գրառման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Միջազգային կազմակերպությունների ադրբեջանցի աշխատողները ատելություն են քարոզում. ՄԻՊ

Նշենք, որ հոկտեմբերի 31-ին «Ղարաբաղ» ՖԱ–ի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «…Պետք է սպանենք հայերին։ Պետք է սպանենք երեխաներին, կանանց ծերերին, առանց որևէ տարբերության։ Պետք է սպանենք բոլորին։ Ոչ մի խղճահարություն և էմոցիաներ։ Նրանց հետ օրենքի լեզվով խոսելն անիմաստ է։ Հայերը սկսեցին հասկանալ, երբ սկսեցինք խոսել ուժի լեզվով։ Մենք պետք է սպանենք…»: Իբրահիմովն ավելի ուշ ջնջել էր գրառումը, բայց հարյուրավոր օգտատերեր տեսել ու պահպանել էին այն։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՈւԵՖԱ-ին՝ պահանջելով պատժել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին և հեռացնել եվրագավաթների խաղարկությունից։ ՈւԵՖԱ-ն ավելի մեղմ որոշում էր կայացրել և Իբրահիմովին ժամանակավորապես հեռացրել ֆուտբոլից։

«1949թ. դեկտեմբերի 9-ին ընդունված և ՀՀ-ի կողմից 1993թ. հունիսի 23-ին վավերացված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենիցայի 1-ին հոդվածի համաձայն՝ ցեղասպանությունը հանցագործություն է, որը պարտավորվում են կանխարգելել և պատժել այն կատարելու համար: Կոնվենիցայի 3-րդ հոդվածի համաձայն՝ պատժելի է նաև ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը»,–հայտնում է դատախազությունը։

Ինչ հնարքների են դիմում ադրբեջանցի հաքերները, և ինչպես պաշտպանել անձնական տվյալները

Միաժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները, որոնք հանցանքը կատարել են Հայաստանի տարածքից դուրս, ենթակա են պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում հարուցվել է քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը) և 3971-րդ հոդվածով (Ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար:

Ադրբեջանցիները որտեղ մտել են, քաղաքացիների հանդեպ հանցագործություն են կատարել. ՄԻՊ