Հետախույզի օրն է. բազմաթիվ հաջողված գործողությունների հետևում հենց նրանք են կանգնած

Տասնյակ հետախույզներ ու հատուկ նշանակության ջոկատայիններ, որոնց անունները և կատարած գործողությունները ենթակա չեն հրապարակման, ներկայացված են պետական բարձր պարգևների:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Այսօր հետախույզի օրն է։ Արցախի պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ այս օրերին ՊԲ-ի կողմից իրականացված ու հանրության դատին ներկայացված բազմաթիվ հաջողված գործողությունների հետևում հենց հետախուզական ու հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն են՝ պահեստազորից համալրված իրենց ավագ զինակիցների հետ միասին:

Հայաստանում ռուս հետախույզները թափանցել են «հակառակորդի» թիկունք

«Ինչպես Արցախյան առաջին, Ապրիլյան պատերազմների օրերին, այնպես էլ սեպտեմբերի 27-ին վերսկսված պատերազմական գործողությունների ընթացքում, բանակի հետախույզները ճակատային գծի բոլոր ուղղություններում իրականացրել ու շարունակում են կատարել մեծ բարդության հատուկ գործողություններ։ Դրանց շնորհիվ հսկայական մարդկային ու ռազմատեխնիկական կորուստներ են պատճառում թշնամական ուժերին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Տասնյակ հետախույզներ ու հատուկ նշանակության ջոկատայիններ, որոնց անունները և կատարած գործողությունները ենթակա չեն հրապարակման, ներկայացված են պետական բարձր պարգևների:

Ցավոք, պատերազմական գործողությունների ընթացքում զորատեսակի մի շարք ներկայացուցիչներ արիաբար մարտնչելով՝ անմահացել են։