Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ-2020»-ին

Մրցույթի կազմակերպիչները ցավով են տեղեկացնում, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցությունից, միաժամանակ հավելում են, որ Հայաստանին կսպասեն հաջորդ տարի՝ 2021 թվականին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik.Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթին։ Մրցույթի պաշտոնական կայքում նշվում է, որ պատճառը Հայաստանում հայտարարված ռազմական դրությունն է և Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմը։

Մրցույթի գործադիր տնօրեն Մարտին Էստերդալը նշել է, որ Հայաստանը մրցույթի ամենահաջողակ մասնակիցներից է, որը գրեթե միշտ առաջատար դիրքեր է զբաղեցրել:

«Մենք հասկանում ենք մրցույթին չմասնակցելու պատճառները, մեզ համար սա շատ տխուր նորություն է, և նրանց տեղը կզգացվի։ Հուսով ենք՝ Հայաստանի վերադարձը կողջունենք 2021 թվականին», - ասել է նա։

Նշենք, որ մրցույթն առցանց տարբերակով կանցկացվի Վարշավայում 2020 թվականի նոյեմբերի 29-ին: Հեռուստաստուդիայում բոլոր հաղորդավարների և անհրաժեշտ անձնակազմի միջև կպահպանի սոցիալական հեռավորություն: Յուրաքանչյուր երկրի մասնակից ելույթ կունենա իր երկրում գտնվող համապատասխան ստուդիայում, և նրա ելույթը կհեռարձակվի բաց կապուղիով։