Հարուցվել է քրգործ՝ Հայաստանի տարածքում Ադրբեջանի կողմից ԱԹՍ–ներ օգտագործելու դեպքի առթիվ

Ադրբեջանի ԶՈւ–ն անօդաչու թռչող սարքեր է կիրառել Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Դատախազությունը տեղեկացնում է, որ հարուցվել է քրգործ՝ ՀՀ տարածքում Ադրբեջանի զինուժի կողմից անօդաչու թռչող սարքեր օգտագործելու դեպքի առթիվ։

Բաքվի ստերը վերջ չունե՞ն. «Ողջ մնալու արվեստի» դեմ են քրգործ հարուցել

Մասնավորապես, նշվում է, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ից 21:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանն ԱԹՍ-ներ կիրառելով ՀՀ տարածքում, խախտել է 1994-ի մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագիրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 29-րդ նստաշրջանի բանաձևով հաստատված ագրեսիվ ռազմական գործողությունների արգելքը, Ժնևի կոնվենցիայի, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը։

«Ադրբեջանը ոտնձգել է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ, սանձազերծելով ագրեսիվ պատերազմ՝ Ադրբեջանի ԶՈւ–ն անօդաչու թռչող սարքեր են կիրառել Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր, Շատջրեք, Մեծ Մասրիկ և Ակունք բնակավայրերում: Դրանք հայտնաբերվել և ոչնչացվել են ՀՀ զինված ուժերի կողմից»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի դեմ ագրեսիվ պատերազմի քրգործը լրացվել է միջազգային ահաբեկիչների մասին փաստերով

Նշվում է նաև, որ պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով Ադրբեջանը կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձրել ՀՀ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը՝ ոչ ընտրովի հարձակման օբյետներ դարձնելով խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները:

Դեպքի առթիվ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով (ագրեսիվ պատերազմը), 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ):

Ադրբեջանի կողմից Հադրութում 5 քաղաքացու սպանության դեպքով հարուցվել է քրգործ

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 3 քաղաքացիական անձ։

Հոկտեմբերի 14-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ–ով հարվածներ էին հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին մոտ գտնվող Սոթք համայնքի գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածություններին։ Դրա հետևանքով 14-ամյա երեխա էր վիրավորվել, որն այդ պահին ընտանիքի հետ կարտոֆիլի սեզոնային բերքահավաքի է եղել։

Օրերս էլ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզում Դավիթ Բեկ գյուղի հրթիռակոծման հետևանքով 44-ամյա տղամարդ է սպանվել։

Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիվ պատերազմի փաստերով հարուցվել է քրեական գործ