Ինչն է միավորել գյումրեցի վաստակավոր նկարչին, 6-ամյա երեխային ու ադիբուդի վաճառողին

Լինում են դեպքեր, երբ 5 հազար դրամի փոխարեն գնորդը սեփական ցանկությամբ 10-50 հազար դրամ է վճարում։
Sputnik

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղն ընտրել է բանակին օգնելու սեփական տարբերակը: Նախաձեռնությունը մեկ նպատակի շուրջ միավորել է վաստակավոր նկարչին ու 6 տարեկան երեխային: «Գյումրեցի նկարիչները՝ Արցախի և հայ զինվորի համար» ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը փոխանցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

86-ամյա կինը գուլպա է գործում զինվորի համար. էլ ինչ են անում գյումրեցիները հանուն Արցախի

Յուրաքանչյուր գործ վաճառվում է խորհրդանշական 5 հազար դրամով, բայց լինում են դեպքեր, երբ գնորդը սեփական ցանկությամբ 10-50 հազար դրամ է վճարում: Վաճառք իրականացվում է նաև առցանց եղանակով՝ «Գյումրեցի նկարիչները՝ Արցախի ու հայ զինվորի համար» ֆեյսբուքյան էջի «Գործեր» բաժնում:

Գյումրու Աբովյան փողոցը վերածվել է բացօթյա ցուցահանդես-տոնավաճառի: «Գաղափարը մեկն է՝ արվեստի մարդկանցով մեկ ուժ դառնալ և մեր բանակի ու պետության կողքին լինել: Արվեստը հզոր զենք է, ու այդ զենքն այսօր մենք «մարտական վիճակի» ենք բերել»,-Sputnik Արմենիային պատմում է նախաձեռնության հեղինակ, նկարիչ-գրաֆիկ Աշոտ Հակոբյանը:

Ինչն է միավորել գյումրեցի վաստակավոր նկարչին, 6-ամյա երեխային ու ադիբուդի վաճառողին

Լուիզա Մինասյանը գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի երկրորդ կուրսի ուսանողուհի է: Բանակի համար գումար վաստակելու գաղափարին միացել է առաջին իսկ օրից: Ցույց է տալիս վաճառքի ներկայացրած իր գործը. գծանկարում պատկերված երիտասարդը Լուիզայի ընկերն է՝ Տիգրան Հակոբյանը, ով պատերազմի երկրորդ օրը զոհվել է Մարտակերտում: Եղբոր՝ Ջաբրայիլում զոհված Վարդգես Մինասյանի նկարը Լուիզան արդեն վաճառել է:

Ինչն է միավորել գյումրեցի վաստակավոր նկարչին, 6-ամյա երեխային ու ադիբուդի վաճառողին

«Դժվարությամբ եմ բաժանվում այս նկարներից, բայց սրանք ծառայում են երկու լավ նպատակի՝ նախ պատմում ու հիշեցնում եմ հայրենիքի համար զոհվածների մասին, և ապա՝ գումար եմ փոխանցում հիմնադրամին»: Լուիզան արդեն 3 նկար է վաճառել։

Երեք գործ էլ համակուրսեցին՝ Լիանելա Չախալյանն է վաճառել, ավելին, Լիանելային միացել է նաև նրա 6 տարեկան աշակերտը, ում գործը ևս վաճառվել է։

Ինչն է միավորել գյումրեցի վաստակավոր նկարչին, 6-ամյա երեխային ու ադիբուդի վաճառողին

Նկարելու ու բանակին օգնելու ցանկությունը վարակիչ է. ադիբուդի վաճառող Հարութիկը՝ Հարություն Սահակյանը, նույնպես միացել է նախաձեռնությանը։ Նրա վրձնած «Կյանք ու կռիվ» գործն արդեն վաճառվել է 10 հազար դրամով, որը նա ամբողջությամբ փոխանցել է հիմնադրամին՝ չնայած ինքը ևս գումարի կարիք ունի։

Ինչն է միավորել գյումրեցի վաստակավոր նկարչին, 6-ամյա երեխային ու ադիբուդի վաճառողին

Նախաձեռնության հեղինակներին հաջողվել է վաճառել ավելի քան 120 ստեղծագործություն: Ամեն երեքշաբթի նվիրատվության արկղում հավաքված գումարը արվեստագետները փոխանցում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Ակցիան շարունակվում է։ Արվեստագետներն իրենց առջև նպատակ են դրել վաճառված նկարների թիվը հասցնել առնվազն 1000-ի։