Առաջարկվում է 1000-ի փոխարեն 3000 դրամ վճարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարի 1-ից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից դարձնել 3000 դրամ։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից տեղեկանում ենք, որ նախագիծն արդեն հանրային քննարկման է դրվել։

«Նախագծի մշակումը պայմանավորված է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա կատարված հարձակման հանգամանքով, որի հետևանքով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն աճել է»,–նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Իսկ նոտարների համար տարեկան դրոշմանիշային վճարի չափը նախատեսվում է սահմանել 36 000 դրամ 12 000 դրամի փոխարեն։

«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից։

Նախագծերը մշակել է ՀՀ կենտրոնական բանկը՝ համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հիմնադրամը սկսելու է զոհված ու հաշմանդամ դարձած հերոսներին ու նրանց ընտանիքներին հատուցումներ կատարելու գործընթացը: Վերջերս ընդունված որոշման համաձայն` Արցախյան վերջին պատերազմում զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին կտրամադրվի 52-82 մլն դրամ։