1 զոհ, 2 վիրավոր. Թաթոյանն արտահերթ զեկույց է հրապարակել Դավիթ Բեկի և Ագարակի վերաբերյալ

Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիայի հետևանքով տուժել են ոչ միայն խաղաղ բնակիչները, այլ նաև տներ են վնասվել, գերեզմանաքարեր, ենթակառուցվածքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Սյունիքի մարզի Դավիթ Բեկ և Ագարակ գյուղերի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների հետևանքով զոհվել է 1 քաղաքացիական անձ, իսկ 2-ը վիրավորվել են (նրանցից մեկը՝ լուրջ վնասվածքներով): Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արտահերթ զեկույց է հրապարակել Դավիթ Բեկ և Ագարակ գյուղերի բնակչության նկատմամբ Ադրբեջանի հարձակումների վերաբերյալ։

Կյանքը սահմանին․ Դավիթ Բեկ համայնքում խուճապ չկա, բնակիչներն անվախ են

«Ադրբեջանական զինված հարձակումների հետևանքով վնասվել են 38 բնակելի տուն, 2 գոմ, 20 խոշոր եղջերավոր անասուն, 5 տրանսպորտային միջոց: Վնասվել են նաև գյուղի գերեզմանաքարերը: Ագարակ գյուղում հրետանային հարձակումների հետևանքով վնասվել են քաղաքացիական տներ և ենթակառուցվածքներ: Վնասվել են նաև գյուղի մասնավոր տրանսպորտային միջոցները և այլ գույք»,–նշված է զեկույցում։

Դավիթ Բեկ և Ագարակ համայնքների բնակիչների՝ ՄԻՊ-ին ուղղված ահազանգերը, համայնքների վարչակազմերի հետ քննարկումներն ու փաստահավաք աշխատանքները գյուղերում հաստատել են, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներն իրական վտանգ են խաղաղ բնակիչների համար։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին, ժամը 18։10-ի սահմանում Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրթիռահրետանային միջոցներով, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով հերթական անգամ ինտենսիվ հարվածներ են հասցրել ՀՀ Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրին։

Դավիթ Բեկում սպանված 44–ամյա բնակիչը հրթիռակոծման պահին եղել է մեքենայի ղեկին