Քիչ պարգևատրումներ և գործուղումներ. ՀՀ ԱԺ-ն 252 մլն դրամ է տնտեսել

Միջոցները խնայվել են առաջին հերթին պարգևավճարների, ինչպես նաև գործուղումների և շենքի բարեկարգման աշխատանքների վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ազգային ժողովի աշխատակազմն այս տարի որոշակի տնտեսումներ է արել։

Տեղեկությունն ԱԺ պետաիրավական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն հայտնեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը:

Պարգևավճարները պետք է լինեն. ՊԵԿ նախագահը հայտնեց` սեպտեմբերին գումար ստացել են

Նրա խոսքով` 252 մլն դրամ չօգտագործված գումար կա, որը կուտակվել է համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված՝ պատգամավորներին և աշխատակազմի աշատակիցներին պարգևատրումներ չտալու հաշվին:

«Իմ քայլից» Արտակ Մանուկյանը հետաքրքրվեց, թե որո՞նք են այն ծախսային հոդվածները, որոնցով 2020-ին տնտեսում կամ ավելի քիչ ծախս է իրականացվել:

Սիրականյանը հիշեցրեց, որ 2020-ի բյուջեում երկու անգամ տեղի է ունեցել խոշոր վերանայում: Առաջինը կապված է եղել համավարակի հետ, ինչի արդյունքում ԱԺ աշխատակազմը պահուստային ֆոնդ է վերաբաշխել 503 մլն դրամ: Երկրորդ և ամենամեծ մասնաբաժինը կրում է պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և  հատուկ վճարներ հոդվածը: Գործուղումից է բավականին մեծ գումար վերադարձվել, ինչպես նաև այլ ծախսերից:

Ինչու է աճել պարգևավճարների ֆոնդը. թեժ բանավեճ ԱԺ-ում՝ իշխանության ներկայացուցիչների միջև

Երկրորդ անգամ վերանայում է կատարվել՝ ռազմական դրությամբ պայմանավորված, 100 մլն 500 հազար դրամ գումար է ետ վերադարձվել պահուստային ֆոնդ: Սա տեղի է ունեցել շենքային պայմանների բարելավման հոդվածից և ԱԺ-ի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների հոդվածից: