ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ու ՀՀ-ին պարտավորեցրել է տեղեկություններ տալ ռազմագերիների մասին

ՄԻԵԴ-ը խստորեն կոչ է անում մասնակցել համապատասխան գործընթացներին՝ պահպանելով միջազգային իրավունքի նորմերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանի ու Հայաստանի կառավարություններին ռազմագերիների մասին տեղեկություններ ներկայացնել։ Հայտարարությունը հրապարակվել է ՄԻԵԴ-ի կայքում։

Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրադատարանը բազմաթիվ հարցումներ է ստացել գերի ընկած անձանց վերաբերյալ։ Հայցերը ներկայացրել են կա՛մ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները, կա՛մ նրանց ազգականները։

Հայաստանը ՄԻԵԴ–ին արցախյան պատերազմում Թուրքիայի ներգրավվածության փաստեր է ներկայացրել

«Դատարանը կոչ է անում պատասխանող կառավարություններին տեղեկություն ներկայացնել այն մասին՝ արդյո՞ք անձինք գերի են վերցվել զինված հակամարտության ընթացքում. եթե այո, ապա ինչ պայմաններում են պահվում, ներառյալ բուժզննումներն ու ստացած բուժումը», - նշված է հայտարարության մեջ։

ՄԻԵԴ-ն ընդգծում է, որ ուշադրության կենտրոնում է պահելու այդ հարցերն ու խստորեն կոչ է անում երկու երկրներին մասնակցել համապատասխան գործընթացներին՝ պահպանելով միջազգային իրավունքի նորմերը։

Եվրադատարանը նշում է նաև, որ թեև Հայաստանի ու Ադրբեջանի հարցումները հիմնված են լուրջ մտավախությունների վրա, դրանք վերաբերում են որոշ հարցերի, որոնք ՄԻԵԴ-ի իրավասությունից դուրս են։ Այդ կապակցությամբ դատարանը ծանուցել է, որ չի նախատեսում նոր որոշումներ կայացնել Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ ապահովման միջոցների վերաբերյալ, այլ հաստատում է սեպտեմբերի 29-ին ու հոկտեմբերի 6-ին ընդունված որոշումների պահանջները, այդ թվում նաև Մարդու իրավունքների և հիմնական ազատություների պաշտպանության մասին կոնվենցիային հակասող ցանկացած քայլերից հրաժարվելը։

Ադրբեջանի պահանջներն աբսուրդային են. ՀՀ-ն պատասխանել է Ադրբեջանի՝ ՄԻԵԴ-ին ուղղված դիմումին
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը օրեր առաջ ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ՝ ադրբեջանական ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ:

«Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պահպանել հումանիտար հրադադարի մասին համաձայնությունը, որը ձեռք է բերվել կողմերի միջև հոկտեմբերին՝ ռազմագերիների և դիակների փոխանակման նպատակով: Հաշվի առնելով ռազմագերիների կյանքին սպառնացող վտանգը՝ կառավարությունը ՄԻԵԴ–ին խնդրել է Ադրբեջանի կառավարության նկատմամբ կիրառել միջոցներ»,–նշված է հաղորդագրության մեջ։