Հայտարարություններն այլևս բավարար չեն. Մնացականյանը կոնկրետ գործողություններ է պահանջում

ՀՀ ԱԳ նախարարը Եվրոպայի խորհրդին կոչ է արել արագ գործել: Հակառակ դեպքում, նրա խոսքով, ստիպված պետք է արձանագրվի Եվրոպայի Խորհրդի բարոյական և արժեքահամակարգային ճգնաժամը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանի իր ելույթում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Եվրոպայից պահանջել է հայտարարությունների փոխարեն կոնկրետ գործողություններ ձեռնարկել Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ: 

Մենք պետք է մեր հայրենակիցների արյունը փոխհատուցենք ազատությամբ. Զոհրաբ Մնացականյան

«Մենք կիսում ենք ձեր գնահատականները, ձեր հայտարարությունները: Սակայն հայտարարություններն այլևս բավարար չեն: Եվրոպայի խորհուրդը պետք է վճռականություն ցուցաբերի և պաշտպանի Արցախի հասարակ քաղաքացիների ապրելու իրավունքը, ինչպես դա պահանջել է Եվրոպական դատարանը՝ Հայաստանի դիմումի հիման վրա»,- ասել է Մնացականյանը։

Նա նշել է, որ պետք է միջոցներ կիրառվեն՝ պարտադրելու Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողությունից, որոնք հանգեցնում են Արցախի քաղաքացիական բնակչության` Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտմանը:

ԱԳ նախարարը հորդորել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել` հակամարտության գոտի անարգել մուտք ապահովելու համար:

Արցախն ունի սեփական բնակչությունը պաշտպանելու և թշնամուն հակահարված տալու իրավունք. ՀՀ ԱԳՆ

«Նախարարների կոմիտեին հորդորում եմ վճռորոշ քայլեր ձեռնարկել և արժանի լինել ԵԽ հիմնադիր հայրերի ժառանգությանը: Խաղաղության ու բարգավաճման, Եվրոպայում առավել լայն միասնության ժառանգությանը: Սակայն այս շարունակվող պատերազմի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու կամ նույնիսկ հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց սանիտարական կարիքներն ընկալելու անկարողությունը վկայում է առկա խորը ճգնաժամի մասին: Կոմիտեն պետք է գործողություններ ձեռնարկի, այլապես կարող է առերեսվել ժամանակավրեպ դիտարկվելու վտանգին»,- ասել է Մնացականյանը:

Նախարարն արձանագրել է, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելիս Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, պարտավորություն է ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Բայց այժմ խախտում է այդ հանձնառությունը և բացահայտ կերպով ընդունում, որ մտադիր է հակամարտությունը լուծել ուժի միջոցով: Եվ ԵԽ-ն պարտավոր է արձանագրել այդ խախտումը:

Ադրբեջանն արգելված ֆոսֆորային զինամթերք է օգտագործում Արցախում. Զոհրաբ Մնացականյան

«Սա համաշխարհային կարգի համար վճռորոշ պահ է: Բազմակողմանիությունը կոչված է եղել ապահովել գլոբալ խաղաղությունը։ Այսօր բազմակողմանիությունը ճգնաժամի մեջ է: Դրա ապագան կախված է յուրաքանչյուր պետության ավելի լայն միասնությունից, և դա է Եվրոպայի խորհրդի նպատակը: Այս հարցում մենք բոլորս ունենք պատասխանատվության մեր բաժինը և պետք է արագ գործենք: Հակառակը ճգնաժամն է, Եվրոպայի Խորհրդի բարոյական ճգնաժամը և արժեքահամակարգի ճգնաժամը»,- ասսել է Մնացականյանը:

Նախարարն իր ելույթում նաև հիշեցրել է, որ սեպտեմբերի վերջին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ` Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ, որն ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի խախտումներով` ուղղված Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը: Թուրքիայի կողմից Ադրբեջանում զինյալ ահաբեկիչների տեղակայումն այդ երկու երկրների կողմից ստորագրված ԵԽ առնվազն երեք կոնվենցիաների խախտում է:

Լիոնի վանդալիզմը պարունակում է ցեղասպանության կրկնման սպառնալիք. ՀՀ ԱԳՆ

Տասնյակ հազարավոր մարդիկ` երեխաներ, կանայք, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, այժմ տեղահանված են, նրանց տները, ենթակառուցվածքները, կրոնական հաստատությունները՝ ավերված:

Ադրբեջանի զինված ուժերի և իր ահաբեկիչ դաշնակիցների կողմից ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և սպանությունը պատերազմական լուրջ հանցագործություններ են։ Այդ փաստն ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը, ով խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների արտադատական մահապատժի առնչությամբ։

Ի՞նչ կլինի Եվրոպայի հետ, եթե Թուրքիան կառավարի Ադրբեջանը․ պատասխանում է ՀՀ նախագահը

Բացի այդ, Ադրբեջանի զինված ուժերը սպիտակ ֆոսֆորի կիրառմամբ հրդեհում են Արցախի անտառները, ինչը հակասում է շրջակա միջավայրի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ վերջին շրջանում գործադրած ջանքերին։ Արցախում առկա է հումանիտար ճգնաժամ, և դրա մասին ահազանգել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը:

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է, որ Հայաստանը համաձայն է հրադադարին և մի քանի անգամ փորձել է հաստատել այն, բայց Ադրբեջանը տապալել է բոլոր փորձերը:

Սա Ադրբեջանի լկտի պատասխանն էր Ռուսաստանին, Ֆրանսիային ու ԱՄՆ–ին. Արցախի ԱԳՆ

Հայաստանը, Մնացականյանի խոսքով, համակարծիք է նաև ատելության խոսքից հրաժարվելու Եվրոպայի դիտարկման հետ, բայց տասնամյակներ շարունակ ապրում է իր երկու հարևանների կողմից հնչող ատելության հռետորաբանության պայմաններում: Եվ դա նույնպես հստակ կերպով արձանագրված է Եվրոպայի խորհրդի դիտորդական զեկույցներում: