Ֆրանսիայում պաշտոնապես արգելվեց թուրքական «Գորշ գայլերի» գործունեությունը

«Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունն արգելելու հարցն ընդգրկված է Ֆրանսիայի կառավարության նիստի օրակարգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Այսօրվանից պաշտոնապես կարգելվի թուրքական «Գորշ գայլերի» գործունեությունը Ֆրանսիայում։ Այս կարևոր որոշման մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը։

«Գորշ գայլեր» խմբավորման 4 անդամները ձերբակալված են. մանրամասներ Դեսինի անկարգություններից

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը Լաքոտին է ներկայացրել փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական էլեմենտներ պարունակող զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածությունների վերաբերյալ։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը խստորեն դատապարտել է հայերի դեմ վանդալիզմի և հարցակման դեպքերը և տեղեկացրել, որ այսօր Ֆրանսիայի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել արգելել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» («Բոզքուրթ») կազմակերպության գործունեությունը Ֆրանսիայում՝ ծայրահեղ ազգայնական գործունեություն ծավալելու և վերջին շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի էթնիկ հայ քաղաքացիների և Հայաստանի քաղաքացիների դեմ հարձակումներ գործելու, ատելություն հրահրելու կոչեր անելու համար։

Ավստրիան կարգելի «Գորշ գայլերի» խորհրդանիշը. Թուրքիան Եվրոպային մեղադրում է պոպուլիզմի մեջ

«Հանրահայտ փաստ է, որ ինչպես 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում, այնպես էլ հիմա, Արցախում խոշտանգումները, վայրագություններն ու դաժանությունները ադրբեջանական զինված ուժերի կազմում կատարում են թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամները կամ իրականացվում է նրանց մեթոդներով։ Իմ անկեղծ երախտագիտությունը հայտնեցի դեսպանին այս կարևորագույն որոշման համար»,-նշել է Թաթոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված էր կազմակերպության գործունեությունն արգելելու հարցը։

Հայերը Ստամբուլում «Գորշ գայլերի» թիրախու՞մ են. թուրքագետը՝ հարձակումների մասին

Հիշեցնենք` Լիոնի արվարձանում թուրքերն օրեր առաջ պղծել էին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Անհայտ անձինք հուշարձանի սյուների վրա գրել են A. C. A. B («All cops are bastards»)։

Տեղեկություններ կան, որ դա հենց «Գորշ գայլերի» ձեռքի գործն է։ Դրանից հետո Լիոնի ՀՀ գլխավոր հյուպատոսության պատին «Գորշ գայլերը» նոր հակահայկական գրառում էին կատարել, որում հիշեցնում էին Հայոց ցեղասպանությունը և կազմակերպության հավատարմությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

«Գորշ գայլերը» («Բոզքուրտ») 1948 թվականին գնդապետ Ալփարսլան Թյուրքեշի կողմից ստեղծված անկախ կազմակերպություն է։

Հավատարիմ է պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսությանը։

Թուրքերն ու ադրբեջանցիները «հայերի որս» են սկսել Ֆրանսիայի փողոցներում. տեսանյութեր