Դատավորները պարգևավճար չեն ստանում, բայց 24 մլն դրամ են հավաքել բանակի համար

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի խոսքով՝ բանակին դրամահավաքով օգնելու միջոցառումները շարունակվում են ամեն օր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Դատավորները պարգևավճար չեն ստացել և չեն ստանում, փոխարենն իրենց անձնական միջոցներից փոխանցումներ են կատարում Հայաստան համահայկական հիմնադրամին։ Տեղեկությունն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։

103 տարեկան Քնարիկ Մարկոսյանը 1 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

«Սա պահը չէ, չէի ուզի բարձրաձայնել, բայց իրենց անձնական միջոցներից թե՛ դատավորները, թե՛ ԲԴԽ-ն, թե՛ դատական համակարգի բոլոր աշխատակիցները շուրջ 24 մլն դրամ են փոխանցել հիմնադրամներին»,-ասաց նա։

Փոլադյանի խոսքով՝ բանակին դրամահավաքով օգնելու միջոցառումները շարունակվում են ամեն օր։

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը ասել էր, որ Ազգային ժողովի աշխատակազմն այս տարի պարգևավճարների և գործուղումների հաշվին 252 մլն դրամ է տնտեսել։