Արցախից Երևան տեղափոխված զենքի դեպքերով 9 քրգործ կա հարուցված. ի՞նչ վարկածներ կան

ՔԿ նախագահի տեղակալը հայտնեց, որ ԱԱԾ–ի հետ են համագործակցում, որպեսզի վարկածներից մեկի իսկությունը ճշտեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Արցախից Երևան տեղափոխված զենքի դեպքերով 9 քրեական գործ կա հարուցված։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։

12 զրահատեխնիկա, 60 զոհ․ թշնամին նոր կորուստներ ունի

«Որպես կանոն` պահեստազորայինների հետ է խնդիրը։ Զենք բերելու հետ կապված որևէ լուրջ պատճառաբանություն չկա։ Ինչի՞ համար պետք է բերել նռնակ կամ փամփուշտ` քաղաքացիական կյանքում ե՞րբ է պետք գալու»,–ասաց Մելիքյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է` կրիմինալ խմբերի հետ կապ ունի այս ամենը` Մելիքյանը պատասխանեց, որ նման վարկած էլ կա, ինչի համար էլ ԱԱԾ–ի հետ են համագործակցում։

Մելիքյանը հայտնեց, որ ստուգվում է նաև այն հանգամանքը, թե կրիմինալ անցյալ ունե՞ն քրգործերում ներգրավված անձինք։ Նրա խոսքով` հարուցված քրգործերով մեղադրյալ կան տարբեր խափանման միջոցներով։

Քննչական կոմիտեի նախագահը կամավորների հետ մեկնել է Արցախ

ՔԿ նախագահի տեղակալն ասաց նաև, որ ԱԱԾ–ն, ռազմական ոստիկանությունը և ոստիկանությունը տարբեր տեղերում անշարժ պահակակետեր ունեն, որոնց միջոցով էլ փորձելու են կանխել նման դեպքերը։