Վիեննայում զոհերի թիվը հասել է 4-ի

Կան տեղեկություններ, որ սպանված «Իսլամական պետության» համակիրներից է։ Վիրավորներից թիվը մոտ երկու տասնյակի է հասնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն արդեն 4 է։ Տեղեկությունը հաղորդում է Kurier պարբերականը՝ վկայակոչելով քաղաքի ղեկավար Միխայել Լյուդվիգին։

«Կիսում եմ ձեր վիշտը». Փաշինյանն անդրադարձել է Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչությանը

Նախնական տեղեկություններով՝ 18 մարդ է վիրավորվել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ԶԼՄ-ները հայտնել են, որ հարձակմանը մասնակցել է մինչև 7 մարդ։

Իշխանություններն այս հարձակումը ահաբեկչություն են համարում: Ավստրիայի ներքին գործերի նախարար Կարլ Նեհամերի խոսքով՝ սպանված հրաձիգը «Իսլամական պետության» համակիրներից էր։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը խստորեն դատապարտել են Վիեննայի ահաբեկչությունը

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ժամանակով 20։00-ի մոտակայքում (Երևանի ժամանակով՝ 23։00-ին) անհայտ անձինք զինված հարձակումներ են իրականացրել քաղաքի կենտրոնում։ Անցորդներից մեկը տեղում սպանվել է, մյուսն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։

Վիրավորների թվում 7 ոստիկան կա։ Հարձակվողներից մեկը ոչնչացվել է, մյուսները կարողացել են փախչել։

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը զգոնության կոչ է անում