«Վարդանյան, Աբել, Կոզլով»․ Նարիշկինը պատմել է ռուսական հետախուզության մասին

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը նշել է, որ ռուսական հետախուզությունը աշխարհի երեք լավագույն ծառայություններից մեկն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է, որ օտարերկրացիները համաձայնում են ռուսական հետախուզության հետ համագործակցել թե՛ գաղափարական նկատառումներից, թե՛ նյութական շահագրգռվածությունից ելնելով։

Պատերազմի մարտավարությունը կփոխեն. Ռուսաստանը նոր հարվածային ԱԹՍ ունի

«Գաղափարական հիմքը, գաղափարական մոտիվները բավականին լայն հասկացություն են։ Դրանք ոչ միայն պետության և հասարակության հասարակական, քաղաքական կառուցվածքի սկզբունքներն են, այլև միջազգային քաղաքականության հանդեպ վերաբերմունքը, տվյալ դեպքում՝ մեր երկրի։ Վերաբերմունքը մշակութային, մարդասիրական, ընտանեկան արժեքներին և ուղենիշներին»,-ասել է Նարիշկինը։

«Եվ հավատացեք՝ աշխարհում բանիմաց և ինքնուրույն մտածող, անկախ մարդիկ շատ կան, որոնց դուր է գալիս Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, համամարդկային արժեքները պաշտպանելու ու պահպանելու Ռուսաստանի պատրաստակամությունը, խաղաղասիրական քաղաքականություն վարելը և, եթե կուզեք, անհրաժեշտության դեպքում թույլերին պաշտպանելու Ռուսաստանի կարողությունը»,-ավելացրել է ԱՀԾ-ի ղեկավարը։

Ինչու էր լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանն արտասահմանում խուսափում հայերից

Նրա կարծիքով՝ այդ մարդիկ լավ են հասկանում, թե որտեղ է սևը, որտեղ՝ սպիտակը, որտեղ է բարին, որտեղ՝ չարը։
«Եվ նրանք ուզում են բարու և արդարության կողմից լինել, ինչպես բարու և արդարության կողմից են եղել լեգենդար «Քեմբրիջյան հնգյակի» անդամները»,-ասել է Նարիշկինը։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, կա նաև փողի գործոնը․ «Դե, նյութական գործոնը նույնպես երբեմն գոյություն ունի»։
Նարիշկինը նշել է նաև, որ երկրի արտաքին հետախուզությունում աշխատող ավելի քան հարյուր մարդու կարելի է հոյակապ մասնագետ անվանել։ «Գիտեք՝մեր ծառայությունում՝ կենտրոնակայանում, մեր երկրի հետախուզության պատմության թանգարան կա, որտեղ մարմարե սալի վրա արձանագրված են ամենանշանավոր, լեգենդար խորհրդային և ռուսաստանյան հետախույզների անունները։ Այնտեղ ավելի քան հարյուր անուն կա»,-ասել է Նարիշկինը։

ՌԴ փոխարտգործնախարարը մեկնաբանել է սկանդինավյան խաղաղապահներին Ղարաբաղ տանելու գաղափարը

Նա նշել է Ալեքսեյ Կոզլովի, Գևորգ Վարդանյանի, Ռուդոլֆ Աբելի անունները։ «Ես երեք անուն նշեցի, որոնք առաջինը միտքս եկան։ Իրականում ավելի շատ են»,-ասել է ռուսաստանյան հետախուզության պետը։
Հարցին, թե արդյոք նրանց թվում «Թիվ 1 հետախույզ» կա՞, ԱՀԾ ղեկավարը պատասխանել է, որ հետախուզությունում շաբլոններ չկան, յուրաքանչյուր գործողություն բացառիկ է, ուստի հնարավոր չէ որոշել «ամենա-ամենա»-ին։

Ինչու Գոհար և Գևորգ Վարդանյաններն այդպես էլ երեխա չունեցան. պատմում է ընտանիքի բարեկամը

Բացի այդ, Նարիշկինի խոսքով, յուրաքանչյուր հետախուզական գործողության արդյունքը միայն մեկ մարդու ձեռքբերում չէ, անգամ եթե նա «առաջին ջութակն» է, այլ խմբակային աշխատանքի արդյունք։

ԱՀԾ ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը որպես գլխավոր հակառակորդ է ընկալում Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչությանը (CIA):
«Այո, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները և, առաջին հերթին, Կենտրոնական հետախուզական վարչությունը աշխարհի ուժեղագույն հետախուզությունների թվին է պատկանում։ Այդ պատճառով էլ ԿՀՎ-ի մեր գործընկերները մեզ համար հակառակորդներ են»,-հայտարարել է նա։

Ամբողջական հարցազրույցը՝ ՌԻԱ Նովոստիի կայքում