ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Թուրքիայի արևմուտքում հոկտեմբերի 30–ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 98-ի։Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալությանը:
«Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը 98 է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ վիրավորների թիվը մոտ 1000 է։ Ավելի վաղ հայտնում էին 95 զոհվածի, 994 տուժածի մասին։
Իզմիրում փրկարարները աշխատում են 9 ավերված շենքերի փլատակներում:
Հիշեցնենք, որ 6,6 մագնիտուդով երկրաշարժը Թուրքիայում գրանցվել է հոկտեմբերի 30–ին` տեղական ժամանակով 14։51–ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։ Հաղորդվում է, որ երկրաշարժի հետևանքով առնվազն 20 շինություն է ավերվել։
Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում։