Թշնամին ռազմական ավիացիա է կիրառել Մարտունու ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը

Շահումյանի շրջանում ադրբեջանական ԶՈւ–ն կիրառել է РСЗО տեսակի հրթիռ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը։ Իսկ Շահումյանի շրջանում կիրառել են РСЗО տեսակի հրթիռ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ նախնական տվյալներով` տուժածներ չկան։

Հայաստանը ՄԻԵԴ–ին արցախյան պատերազմում Թուրքիայի ներգրավվածության փաստեր է ներկայացրել

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7050 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 249 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը