Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը չի կարծում, որ եթե ԱՄՆ-ի վարչակազմը ընտրությունների արդյունքում լինի հանրապետական, թե դեմոկրատ, մենք ինչ–որ լուրջ` բեկումնային փոփոխություն կարող ենք ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ–ի դիրքորոշման մեջ. «Եվ կարծում եմ`առհասարակ առանձնապես մեծ փոփոխություն չի լինելու ԱՄՆ–ի ո՛չ քաղաքականության տեսանկյունից, ո՛չ էլ մեր տարածաշրջանում մեր նկատմամբ ինչ–որ յուրահատուկ վերաբերմունքի առումով»։
Քաղաքագետի նկատում է` վերջին չորս տարիների ընթացքում մենք չենք կարողացել լավ արդյունքներ գրանցել հայ–ամերիկյան օրակարգում. «Այդքան էլ էֆեկտիվ չենք աշխատել Թրամփի վարչակազմի հետ, բայց սա ոչ թե Թրամփի վարչակազմի թերությունն է կամ վարչակազմի պասիվությունն է, չնայած դա էլ կա, այլ նաև մեր ոչ պրոֆեսիոնալ, ոչ հետևողական աշխատանքի արդյունքը»,– կարծում է ամերիկագետը և հավելում. «Եթե մենք կարողանանք լինել նախաձեռնող, մեզ համար տարբերություն չի լինի, թե ով պետք է լինի ԱՄՆ նախագահ. կարող ենք աշխատել ցանկացած նախագահի հետ, եթե իհարկե մենք ունենանք այդքան կարողություն և հնարավորություն»։
Թրա՞մփը, թե՞ Բայդենն են Լեռնային Ղարաբաղի հարցում ավելի նպաստավոր մեզ համար. Սուրեն Սարգսյանի կարծիքով` երկուսի պարագայում էլ որևէ էական փոփոխություն չի լինելու այդ հարցում. «Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ` ԱՄՆ–ն պահել է այն չեզոքությունը, որը կա։ Այնպես որ` չեմ կարծում, որ եթե վարչակազմը այսօր լինի հանրապետական կամ դեմոկրատ, մենք ինչ–որ լուրջ փոփոխություններ կտեսնենք ԱՄՆ–ի դիրքորոշման մեջ»,– ասում է քաղաքագետը. հայերի հանդեպ վերաբերմունքում էլ ակնհայտ փոփոխություն չկա երկու թեկնածուների դիրքորոշումներում։
Ընտրական նոյեմբեր ԱՄՆ-ի, Մոլդովայի, մի քիչ էլ՝ Վրաստանի համար
«Եթե նկատեցիք` սա այն բացառիկ ընտրություններից էր, երբ հայկական կազմակերպությունները որևէ հայտարարությամբ հանդես չեկան ի աջակցություն այս կամ այն թեկնածուի. և դա պայմանավորված է նրանով, որ երկու թեկնածուներից և ոչ մեկն էլ հայկական հարցերի վերաբերյալ բավարար ուշադիր չէին։ Եվ եթե Թրամփը ընդհանրապես հայերին ոչինչ չէր խոստանում, ապա Բայդենը ժամանակին` լինելով ԱՄՆ փոխնախագահ. հայ համայնքին խոստացել էր Ցեղասպանությունը ճանաչել, բայց այդ խոստումը նա և նրա նախկին ղեկավար Օբաման չէին պահել։ Այնպես որ, մեր կազմակերպությունները այստեղ չեզոք են` որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել, կոչ չեն արել հայկական համայնքին ինչ–որ մեկի օգտին քվեարկել»,– նկատում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Նրա կարծիքով` ԱՄՆ–ը ցանկանցած պարագայում կշարունակի հրադադարի ռեժմինի հաստատման հետ կապված աշխատանքը. «Մոտակա օրերին, կարծում եմ, դրա ականատեսը կլինենք։ Կամ եթե նույնիսկ դա հանրային դաշտում չարվի, ապա դիվանագիտական խողովակներով այդ աշխատանքը, կարծում եմ, շարունակական կլինի։ Եվ հույս ունենանք, որ առաջին տապալված փորձից հետո ՄԱՆ–ն, կամ թեկուզ ոչ ԱՄՆ–ն, այլ նաև Ռուսաստանն ու Ֆրանսիան, կկարողանան մի փոքր այլ արդյունք գրանցել»։
Սուրեն Սարգսյանը ուշագրավ է համարում սկանդինավյան խաղաղապահների թեման. այն արծարծվեց, քննարկվեց, բայց կարծես թե Ռուսաստանում դրա մասին տեղյակ չէին։ Քաղաքագետի կարծիքով` սա ԱՄՆ–ի կողմից առաջ քաշված գաղափար է, ոչ թե դիրքորոշում, ոչ թե սկզբունքային մոտեցում կամ արված աշխատանք։ «Սկանդինավյան երկրները չեզոք պետություններ են, և կարծում եմ հենց դրանով պայմանավորված` ԱՄՆ–ն այս հայտարարությունը արեց։ Բայց չեմ կարծում, որ ՄԽ–ի համանախագահության շրջանակներում այս հարցը քննարկվել է»,– ասում է քաղաքագետը։
Ինչ վերաբերում է Իրանի ջանքերին` Սուրեն Սարգսյանը տրամաբանական է համարում, որ ցանկացած առաջարկություն, առաջարկության փաթեթ, որը գալիս է Իրանից և ԱՄՆ–ի հետ համաձայնեցված չէ, չի կարող ընդունելի լինել ԱՄՆ–ի համար. «Սա երկու մրցակցող պետությունների դիրքորոշումն է միմյանց նկատմամբ։ Որևէ բարձր մակարդակի հայտարարություն չի արվել ԱՄՆ–ի կողմից՝ կապված Իրանի առաջարկի հետ։ Բայց չեմ կարծում ամերիկացիներն այդ առաջարկը ողջունեն»։
ԱՄՆ նախագահի թեկնածուների շանսերի մասին խոսելով` Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը հիշեցնում է 2016թ. Հիլարի Քլինթոնի և Դոնալ Թրամփի մրցապայքարը, երբ Քլինթոնի հաղթելու հավանականությունը գնահատվում էր մոտ 85%, և նա Թրամփի համեմատ մոտ 12%–ի առավելություն ուներ։ Հետևաբար այս պահին Ջո Բայդենի` տարբեր հարցումներով գրանցված 8% առավելությունը դեռ ընտրությունների վերջնարդյունքում հաղթելու ցուցիչ չի համարվում։
«Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում շատ լավ առաջընթաց է գրանցվել». Թրամփ