ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Հայ–ռուսական հարաբերությունները պետք չէ անձնավորել. դրանք շատ ավելի խորն են։ Այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՌԲԿ-ին տված հարցազրույցում` պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը արևմտամե՞տ է, թե՞ ռուսամետ հարցին։
«Քաղաքական գործիչները գալիս են ու գնում, ես ինքս ժամանակավոր եմ՝ 7 տարի: Կարևորն այն է, թե ինչ ես դու ավելացնում այս հարաբերություններին կամ պակասեցնում դրանցից: Հայաստանի ու Ռուսաստանի, հայերի ու ռուսների միջև հարաբերությունները դարերի պատմություն ունեն, դրանք այնքան խորն են, որ ոչ ոք չի կարող դա փոխել, վերաձևափոխել կամ ազդեցություն ունենալ դրանց վրա: Կարծում եմ՝ իրական քաղաքական գործիչները, որոնք որոշումներ են ընդունում, հիանալի հասկանում են սա։ Տվյալ դեպքում ես խոսում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասին», – ասել է նախագահը։
Նա նշել է, որ 2018-ի «թավշյա հեղափոխության ժամանակ հայ հանրության շրջանում եղել են հակառուսական հայտարարություններ: Այդ օրերին Սարգսյանին զանգել է Պուտինը։
«2018 թվականին կային հակաիշխանական ելույթներ, մեծաթիվ մարդիկ էին հրապարակներում, եղել են նաև հակառուսական և այլ հայտարարություններ: Սակայն այստեղ շատ կարևոր է այն, որ մեր բոլոր ընկերներն անհանգստանում էին, զանգահարում: Ինձ՝ որպես երկրի նախագահի, ով քաղաքական առաջնորդ չէ, զանգում էր, օրինակ, Վլադիմիր Պուտինը: Ես նրան բացատրում էի իմ տեսլականը: Զանգահարում էին Նուրսուլթան Նազարբաևը, Ալեքսանդր Լուկաշենկոն, զանգում էին ողջ աշխարհից, և շատ ավելի հաճախ նախկին խորհրդային հանրապետությունների բարեկամները», – ասել է նախագահը։
Նրա կարծիքով` ռուսական ղեկավարության իմաստնության մասին է խոսում այն, որ անգամ հակառուսական հայտարարությունների ֆոնին սառնասրտություն են պահել և չեն խառնվել։
«Բայց... 2020 թվականի սեպտեմբեր…». նախագահը պատասխանել է Արցախը ճանաչելու մասին հարցին
«Նրանք այնքան վստահ են մեր պատմական հարաբերությունների խորության ու հարատևության վրա, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում էլ վստահ էին, որ հայ ժողովուրդը որոշ ժամանակ անց, անգամ հակառուսական հայտարարություններ անողները, կհասկանան, թե ինչն է արժեքավոր: Երբ արևմտյան այցերի ժամանակ հանդիպում եմ լրագրողների, քաղաքական գործիչների ու դիվանագետների հետ, հաճախ եմ ասում, որ տեսեք՝ կա վստահություն Հայաստանի և Ռուսաստանի միջև, և դա այնքան խորն է և հիմնարար, որ ոչ մի քաղաքական փոփոխություն, հայտարարություն չի կարող ազդեցություն գործել: Դրա օրինակն այն վստահությունն է, որ Ռուսաստանը ցուցաբերեց Հայաստանի նկատմամբ՝ չխառնվելով երկրի ներքին գործերին: Ժամանակը ցույց տվեց, որ այդ որոշումը բացարձակ ճիշտ էր», – ասել է Սարգսյանը։
Այս պատերազմին վաղուց էին պատրաստվել․ Սարգսյանը՝ հայերի ու ադրբեջանցիների քայլերի մասին
ՀՀ նախագահի խոսքով` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի միակ ցանկությունն այսօր այն է, որ հնարավորինս շուտ հրադադար լինի: Նրանց հայացքն ուղղված է դեպի Ռուսաստան, ուղղված է նաև համաշխարհային հանրությանը, սակայն մարդիկ գիտակցում են, որ Ռուսաստանի դերակատարումը շատ մեծ է խնդրի հիմնարար լուծման համար։