Միասին ահաբեկչության դեմ. արցախցի կանայք ՌԴ դեսպանատան մոտ ակցիա են անցկացրել

Համերաշխության ակցիան նպատակ ուներ կոչ անելու համատեղ պայքարել ահաբեկչության դեմ, ինչպես նաև հիշել Հայրենական մեծ պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ պայքարի պատմության համատեղ էջերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Արցախցի կանայք, որոնց որդիները, ամուսիններն ու հայրերը առաջնագծում են, հայ մարշալների և Հայրենական մեծ պատերազմի հերոսների նկարները ձեռքին այսօր հավաքվել էին Երևանում ՌԴ դեսպանատան շենքի մոտ` կոչ անելով միասին պայքարել ահաբեկչության դեմ։

Հավաքվածների թվում քիչ չէին նաև կանայք, որոնք ակցիայի ժամանակ կապ հաստատեցին առաջնագծում գտնվող որդիների հետ։ Կանայք վանկարկում էին․ «Մենք ձեզ հետ ենք», «Պինդ եղեք տղաներ, մենք պահում ենք թիկունքը», «Հավատում ենք ձեզ», «Հավերժ հիշատակ հերոսներին»։ Հեռախոսագծի մյուս կողմում զինվորներն ի պատասխան ինչ–որ բան էին գոչում, սակայն նրանց ասածը չէր հասկացվում։

Միասին ահաբեկչության դեմ. արցախցի կանայք ՌԴ դեսպանատան մոտ ակցիա են անցկացրել

Ակցիայի կազմակերպիչ Իրինա Սաֆարյանը պատմեց, որ դեսպանատուն նամակ է ուղարկվել, որում համառոտ ներկայացված է հայ ժողովրդի հերոսական պատմությունը Հայրենական մեծ պատերազմի, Թամանյան դիվիզիայի տարիներին, ինչպես նաև հիշատակություններ կան համատեղ մարտերի և ընդհանուր հաղթանակների մասին։ Ըստ նրա` ակցիայի մասնակիցները եկել են շնորհակալություն հայտնելու ռուսաստանցիներին, որոնք չեն վախենում բարձրաձայնել այն, ինչ կատարվում է ճակատում։

Միասին ահաբեկչության դեմ. արցախցի կանայք ՌԴ դեսպանատան մոտ ակցիա են անցկացրել

«Քանի դեռ աշխարհը լռում է, զոհվում են մեր զինվորները։ Միասին մենք կարող ենք և պետք է կանգնեցնենք ահաբեկչությունը», – ասաց նա։

Ակցիայի մեկ այլ մասնակից Լիանա Ադամյանն էլ պատմեց, որ իր պապը` Սերգեյ Ադամյանը, Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, և ինքը մի անգամ հարցրել պապին, թե ինչ վերքեր են նրա մարմնի վրա։
«Պապս ասում էր, որ իրեն Հիտլերն է կծել։ Այն ժամանակ ես նրան չէի հասկանում, իսկ հիմա գիտեմ, որ մեր եղբայրներին, որդիներին ու հայրերին կծում են Էրդողանն ու Ալիևը։ Նրանք նոր չարիք են, որը սպառնում է Արցախին ու աշխարհին։ Նրանց կանգնեցնել է պետք։ Քանի դեռ մեր տղամարդիկ մեզ պաշտպանում են, մենք նրանց ցավի մասին գոռալու ենք ամբողջ աշխարհով մեկ», – ասաց Ադամյանը։

Միասին ահաբեկչության դեմ. արցախցի կանայք ՌԴ դեսպանատան մոտ ակցիա են անցկացրել

Կանայք նաև երախտագիտություն հայտնեցին հայկական դիրքորոշմանն աջակցող Ռուսաստանի բոլոր հասարակական և քաղաքական գործիչներին։ Ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների նրանք ծաղիկներ խոնարհեցին դեսպանատան շենքի դիմաց։ Հայ կանայք ընդգծեցին, որ դեսպանի կամ դիվանագիտական առաքելության ներկայացուցչի հետ հանդիպում չեն պահանջում, ակցիան էլ բացառապես խաղաղ բնույթ է կրում։

Միասին ահաբեկչության դեմ. արցախցի կանայք ՌԴ դեսպանատան մոտ ակցիա են անցկացրել

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7050 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 249 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 տանկ և ՀՄՄ, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը