ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին` ասելով, որ աղոթում ենք Ավստրիայի ժողովրդի համար։
«Լեռնային Ղարաբաղն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ: Ես կիսում եմ ավստրիացի ժողովրդի վիշտը, համբերություն եմ մաղթում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,–Twitter–ի իր էջում գրել է Փաշինյանը։
Նշենք, որ Ավստրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարել էր, որ հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, խնդրում են լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՝ հետևելով իշխանությունների ցուցումներին:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ժամանակով ժ. 20-ի մոտակայքում (Երևանի ժամանակով՝ ժ. 23-ին) անհայտ անձինք զինված հարձակումներ են իրականացրել քաղաքի կենտրոնում։ Անցորդներից մեկը տեղում սպանվել է, մյուսն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։ 15 մարդ, այդ թվում՝ 7 ոստիկան, վիրավորվել է։ Հարձակվողներից մեկը ոչնչացվել է, մյուսները կարողացել են փախչել։
Ահաբեկչությունը դատապարտել են մի շարք երկրներ ու պետությունների ղեկավարներ, այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։