Իտալական Պալերմոն ճանաչել է Արցախի անկախությունը

Քաղաքային խորհուրդը նաև դատապարտել է Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելու դեպքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Իտալիայի Պալերմո քաղաքի խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Տեղեկությունը հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Նշվում է, որ որոշումը միաձայն է կայացվել։

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

«Իտալիայի Պալերմո քաղաքի խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ և հասարակական օբյեկտները թիրախավորելու բազմաթիվ դեպքերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ սեպտեմբերի 27-ից ի վեր, երբ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի դեմ, աշխարհի տարբեր երկրներում մի շարք քաղաքներ ու նահանգներ սկսեցին ճանաչել Արցախի անկախությունը։

Մասնավորապես, դրանց թվում են ԱՄՆ Գլենդել, Ֆաուլեր քաղաքները, Միչիգան նահանգը, Ավստրալիայի ամենամեծ նահանգը՝ Նոր Հարավային Ուելսը, ֆրանսիական Ալֆորվիլ, Վիեն, Լիմոնե քաղաքները, իտալական Միլանը, կատալոնական Ամպոստա քաղաքը և այլն։