Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորն ու կանադացի իրավապաշտպանն Արցախում են

Արցախի բնակիչները պետք է լինեն միջազգային պաշտպանության ներքո, քանի որ մարդու իրավունքները համընդհանուր են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Իսլանդիայի խորհրդարանականն ու կանադական «Մեկ ազատ աշխարհ» իրավապաշտպան կազմակերպության նախագահն Արցախում են։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։

Արցախի տարածքում կա 220 դպրոց, 60 մանկապարտեզ, որոնցից ոչ մեկը հիմա չի գործում. Բեգլարյան

Նշվում է, որ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն այսօր ընդունել է Իսլանդիայի խորհրդարանի պատգամավոր Բիրգիր Թորարինսոնին և կանադական «Մեկ ազատ աշխարհ» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մաջեդ Էլ Շաֆիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը: Պաշտպանը հյուրերին ներկայացրել է սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական ԶՈւ-ի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ագրեսիան, որն ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով ու պատերազմական հանցագործություններով:

Արցախում ևս մեկ խաղաղ բնակիչ սպանվել է, մեկն էլ` վիրավորվել. ՄԻՊ

«Ներկայացնելով պաշտպանի փաստահավաք առաքելության արդյունքում հավաքագրված փաստերը՝ Արտակ Բեգլարյանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և օբյեկտների, ինչպես նաև հումանիտար գործառույթներ իրականացնող անձանց և կառույցների թիրախավորման դեպքերին:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ համաշխարհային իրավապաշտպան համայնքը պետք է արձանագրի տեղի ունեցող հանցագործությունները և ակտիվ քայլեր ձեռնարկի իրականությունը քաղաքական որոշում կայացնող շրջանակներին հասանելի դարձնելու և գործնական արձագանքներ երաշխավորելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այրվել է 1815 հա անտառ. Արցախի բնակչությունը կանգնած է բնապահպանական աղետի առաջ. ԱՀ ՄԻՊ

Օտարերկրյա հյուրերը շեշտել են, որ պատերազմը և ադրբեջանական հանցագործությունները պետք է օր առաջ դադարեցվեն՝ մարդու իրավունքների պաշտպանությունը համարելով առաջնահերթություն:

Նրանք ընդգծել են՝ անկախ կարգավիճակից ու հանգամանքից՝ Արցախի բնակիչները պետք է լինեն միջազգային պաշտպանության ներքո՝ հաշվի առնելով նաև մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։